ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ռուսերենի ուսուցումը ոչ թե մայրենիի հաշվին է, այլ հանուն մայրենիի»
29.11.2013
ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի Կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում հանդիպեց Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստում անցած ուսուցիչներին:
Կառավարության ղեկավարը կարևորեց ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրասման գործընթացը՝ այն համարելով դպրոցներում առարկայի իմացությունը բարձրացնելու լավ հնարավորություն:
«Օտար լեզուների իմացությունն էականորեն բարձրացնում է պետական ապարատի աշխատակիցների արտադրողականությունը. դրան հակառակ՝ մեկ լեզի տիրապետող մարդն իր գործունեության ընթացքում ունենում է լուրջ խնդիրներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը և հավելեց՝ օտար լեզվի դասավանդումը պետք է լինի առաջնահերթություն:
Անդրադառնալով դասավանդման նորագույն մեթոդներին և ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը՝ վարչապետը կարևորեց Մանկավարժական համալսարանի դերը՝ նկատելով՝ բուհն իր ուսումնական ծրագրերում սկսել է մեծ ուշադրություն դարձնել օտար լեզուների ուսուցմանը:
«Մենք գիտակցում ենք ռուսերենի ուսուցիչներ պատրաստելու գործում Մանկավարժական համալսարանի առաքելությունը, սակայն տարբեր ոլորտներում օտար լեզուների իմացության կարևորումը նպաստեց, որ երկու տարի առաջ բուհի բոլոր ֆակուլտետներում 4 անգամ ավելացվեցին օտար լեզուների դասաժամերը»,-ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ նկատելով, որ 70 տարի նույն՝ Խորհրդային Միության կազմում լինելը ամրապնդել է Հայաստանի և Ռուսաստանի պատմական, քաղաքական և մշակութային կապերը:
Անդրադառնալով հայ մտավորականության այն անհագստությանը, թե գնալով մայրենին իր տեղը զիջում է օտար լեզուներին, Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց՝ ռուսերենի ուսուցումը ոչ թե մայրենիի հաշվին է, այլ հանուն մայրենիի:
Նշենք, որ Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանության ինստիտուտի մասնագետները Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստել են հանրապետության մարզերի 137 ուսուցիչների. նրանցից մի քանիսի վկայականները հանձնեց անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: