ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական բնաշխարհը՝ ուսանողների լուսանկարներում
02.12.2013
Օրերս Կուլտուրայի ֆակուլտետի նախասրահում բացվեց Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված 1-ին կուրսերի ուսանողների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես:
Ցուցադրությանը ներկայացված են ուսանողների՝ Դիլիջանում, Գոշավանքում Հաղարծինում և Սևանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված բաց դասերի տպավորությունները:
Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանը գոհ է ուսանողների աշխատանքներից՝ նշելով. «Յուրաքանչյուր ուսանող ներկայացրել է շուրջ 5 լուսանկար. բոլորն էլ այնքան վարպետորեն են կատարված, որ որոշեցինք ներկայացնել ցուցադրության»:
Ռուբեն Երզնկյանը կարևորեց ցուցադրության կազմակերպումը՝ այն համարելով դասախոսների և ուսանողների միջև դիտողությունների, կարծիքների և փորձի փոխանակման լավագույն տարբերակ:
«Դրական կարծիքներից բացի, ինձ համար կարևոր են նաև դասախոսների դիտողությունները, որոնք հետագայում կշտկեն մասնագիտական թերությունները»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Գայանե Հովսեփյանը:
Նույն կուրսի ուսանող Զավեն Հարությունյանը ցուցադրության է ներկայացրել 7 լուսանկար, որոնք հիմնականում պատկերում են Հաղարծին վանական համալիրի շրջակայքը:
«Առաջին ցուցադրությունը շատ կարևոր է. մեր աշխատանքները դիտում և քննարկում են ոլորտի առաջատար մասնագետները»,-նշեց Զավեն Հարությունյանը, ում համար լուսանկարչությունը զգացմուքներ արտահայտելու լավագույն միջոցն է:
Նշենք, որ լուսանկարների ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը. լավագույն լուսանկարները կխրախուսվեն: