Այսօր մանկավարժական համալսարանի ուսանողները Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում հնարավորություն ունեցան մասնակցել «հեռուստատեսային» բանավեճի:
Այն կազմակերպել էին նույն ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի երկրորդ կուրսի ուսանողները:
Ուսումնասիրելով հայ մամուլի պատմությունը` նրանք քննարկում-բանավեճի միջոցով բացահայտեցին հայ մամուլի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցող երկու նշանավոր գործիչների լրագրողական գործունեությունը:
Բանավեճի առաջին հերոսը «Հյուսիսափայլ» թերթի խմբագիրՍտեփանոս Նազարյանցն էր: Բանավեճի զեկուցող կողմը նախ ներկայացրեցՍտեփանոս Նազարյանցին, նրա կենսագրությունն ու գործունեությունը:
Կարևորելով Ստեփանոս Նազարյանցի հրապարակախոսությունը` զեկուցողներն անդրադարձան նաև նրա խմբագրած մոսկվայի հայ պարբերական մամուլի առաջնեկին`«Հյուսիսափայլ»-ին:
Զեկուցող կողմը, վկայակոչելով մի շարք աղբյուրներ, վստահեցրեց` «Հյուսիսափայլ»-ն այն պարբերականն էր, որը կարևոր դերակատարում ունեցավ հայ ժողովրդի կյանքում:
Ընդդիմախոս կողմը «Հանուն ժողովրդի գործելու համար պետք է լինել ժողովրդի մեջ» նշանաբանով ակտիվ բանավեճ ծավալեց Ստեփանոս Նազարյանցի գործունեության շուրջ:
Գնահատելով Նազարյանցի աշխատանքն ու հիմք ընդունելով մի շարք գրական աղբյուրներ` ընդդիմադիները հանդես եկան կարևոր հարցադրումներով. ինչու՞ Նազարյանցի աշխարհաբարը մնաց «կաբինետային»` անհասկանալի ժողովրդին, ի՞նչն էր պատճառը, որ նա այդպես էլ չընդգրկվեց հասարակության մեջ, դարձավ գիտական, բայց ոչ ժողովրդական մարդ:
Քննարկման ենթակա հասարակական հաջորդ գործիչը «Մշակ» պարբերականի գլխավոր խմբագիր Գրիգոր Արծրունին էր:
Զեկուցողները ներկայացրին Գրիգոր Արծրունուն որպես առաջադեմ, շիտակ ու աշխատասեր մարդ, ով դարի մերկացնող, ստրկացնող քաղաքականությունը վեր հանելով` ազատամտությամբ եկավ` հեղափոխություն կատարելու:
Ընդդիմախոսները, անկախ նրա լրագրողական գործունեության, Արծրունուն բնորոշեցին ոչ հայրենասեր`մեջբերելով նրա «Հայը հասարակական էակ չէ.ես դժբախտ եմ, որ հայ եմ» միտքը:
Հեռուստալրագրության 2-րդ կուրսի ուսանողուհի Զառա Ղազարյանը Ստեփանոս Նազարյանցի թեմայով ընդդիմախոս էր:
Ամիսների բազմաչարչար աշխատանքից հետո դատարկություն է զգում.«Մոտ երկու ամիս աշխատել ենք թեմայի շուրջ, կարծում եմ, որ բանավեճը ստացվեց. կարևորը` այս թիմային աշխատանքը նաև փորձ է ապագայում բանավեճի ժանրում աշխատելու համար»:
Նույն կուրսի ուսանողուհի Լիլիթ Ավագյանն էլ Գրիգոր Արծրունու թեմայով զեկուցողներից էր:
Նման բանավեճերի կազմակերպումը կարևոր է համարում.կարծում է այն օգնում է լրագրողին` մասնագիտության կայացման գործում.«Նախապատրաստական փուլում անգամ ձեռք բերեցինք հարուստ գիտելքներ մեծ հրապարակախոսի մասին: Մեզնից քչերը գիտեին, որ հայ մամուլի սկիզբը դրել է Գրիգոր Արծրունին»:
Քննարկումն ընթանում էր բանավեճին հատուկ բոլոր կանոններով. ընդհատվում էր հարց ու պատասխաններով, հանդիսատեսն էլ հարցաթերթիկների միջոցով ուներ զեկուցողների և ընդդիմախոսների հմտությունը, խոսքի բովանդակությունն ու կուլտուրան, ակտիվությունն ու ոճը գնահատելու հնարավորություն:
Բանավեճ-քննարկումը կազմակերպելու գործում իր մեծ ներդրումն ուներ հեռուստալրագրության 2-րդ կուրսի ղեկավար, հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը:
Վերջինս կարծում է, որ չնայած լավ տեսական գիտելիքների յուրացմանը, ուսանողներն այսօր չունեն հնարավորություն այդ ամենը օգտագործել գործնականում.«Նրանք չունեն հանրային ելույթներում իրենց միտքն ու խոսքը կոփելու միջավայր, չեն կարողանում արագ կողմնորոշվել կարճ ժամանակամիջոցում: Կարծում եմ, որ սա հրաշալի հնարավորություն է կատարել սխալներ ու եփվել այսօր մեծ մասսայականություն վայելող ժանրում` բանավեճում»: