Հաշմանդամների միջազգային օրվա շրջանակում ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ հանձնաժողովի և Հատուկ կրթության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ այսօր

կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցում էին նաև բուհի երկու հաշմանդամ-ուսանողներ և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամներ:
Մրցող 6 թիմերից յուրաքանչյուրում ընդգրկված էին հատուկ կարիքներ ունեցող մարդիկ ներ, Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ, որոնք մրցեցին երկու՝ տրամաբանական և իմացաբանական հարցաշարով փուլերում:
Մինչ առաջին փուլի արդյունքների հրապարակելը՝ Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոս Զարուհի Հարությունյանը խաղ-մրցույթի մասնակից հաշմանդամներին ներկայացրեց այն ծրագիրը, որը բուհը կիրականացնի առաջիկայում՝ համալսարանի տարածքը հարմարեցնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար:
2-րդ փուլում սպորտ, երաժշտություն, արվեստ և կինո ոլորտներից 6 թիմերից յուրաքանչյուրն ընտրեց երեքական հարց. արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ ամենաբարձր միավորներով 1-ին տեղը զբաղեցրեց «Տիտան» թիմը, 2-րդը՝ «Մեդիկուս»-ը, իսկ 3-րդ տեղը՝ «Ադրենալին» թիմը:

1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերն ստացան պատվոգրեր և գրքեր:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթի ժյուրիի կազմում էին Հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ազարյանը, նույն ամբիոնի դոցենտ Կիմ Սարուխանյանը և Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Սպարտակ Փալիկյանը:
Վերջինս կարևորեց նման խաղ-մրցույթների անցկացումը հատկապես սահմանափակ կարողություններով անձանց մասնակցությամբ՝ հավելելով, որ հատուկ կրթության ֆակուլտետն իր նախաձեռնած միջոցառումներով նպաստում է հաշմանդամներին որպես լիարժեք անդամներ հասարակության մեջ ներառելուն:
«Ֆիզիկական հաշմանդամությունը գիտելիքների ցածր մակարդակի վկայությունը չէ. սահմանափակ կարողություններով մարդիկ նույնպես ունեն ինտելեկտուալ բարձր մակարդակ»,-նշեց Ուսանողական խորհրդի Ինտեեկտուալ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Վահանյանը և հավելեց՝ միևնույն թիմում խաղալով՝ ուսանողը և դասախոսը նույնպես համոզվում են, որ հաշմանդամները չեն զիջում իրենց գիտելիքներով: