ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր քաղաքագետ Արա Պապյանը
04.12.2013
«Պահանջատիրություն եզրույթը շատերի մոտ առաջացնում է բացասական երանգավորում, սակայն իրականում կա Հայաստանի Հանրապետության դե յուրե՝ իրավական տարածք, որը միջազգայնորեն ճանաչվել է ու ամրագրվել: Այդ տարածքի զգալի մասը մինչ օրս մնում է օկուպացված Թուրքիայի կողմից, բայց օկուպացիան իրավունք չի ծնում, ուստի այդ հողերն անօրինականորեն են գտնվում Թուրքիայի տարածքում»,-Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
«Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը որպես ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ուղի» թեմայով դասախոսության ընթացքում քաղաքագետն անդրադարձավ ոչ միայն վճռի վավերականության միջազգային չափորոշիչներին, այլև 1920-23 թվականների ընթացքում հայ-թուրքական սահմանի վերաբերյալ պայմանագրային հարաբերություններին:
Արա Պապյանը քաղաքագիտական տեսանկյունից վերլուծեց Սևրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի և Լոզանի պայմանագրերի իրավական կարգավիճակը, դրանց հետևանքներն ու օրինականությունը՝ նշելով, որ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը մինչ օրս Հայաստան-Թուրքիա սահմանն ամրագրող միակ փաստաթուղթն է:
Հանդիպման ավարտին քաղաքագետը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին. դրանք մասնավորապես վերաբերում էին 1915 թվականի Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ նախատեսված անելիքներին, ինչպես նաև Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու հեռանկարին:
«Մինչ հանդիպումը՝ թեմայի մասին ունեինք մակերեսային գիտելիքներ, սակայն դասախոսությունը տվեց խորքային գիտելիքներ և դեռևս չպարզաբանված հարցերի պատասխաններ»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Պատմության բաժնի 1-ին կուրսի ուսանող Գոռ Իսկանդարյանը և հավելեց՝ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում առավել գիտական մակարդակում քննարկել պետության համար կարևորագույն և պատմական իրադարձությունները: