Այսօր «Հայաստանում 6-րդ ռուսական օրեր» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների ռուսերեն դասավանդողները, ասպիրանտները, մագիստրոսներն

ու ուսանողները Մանկավարժական համալսարանում մասնակցեցին վարպետության դասի:
Ն. Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Նինա Նավիչնան «Ռուսաց լեզուն և խոսքի մշակույթ. միջմշակութային կրթական միջավայրում» թեմայով զեկույցի ընթացքում անդրադարձավ ռուսերենի դասավանդման խնդիրներին և մասնագիտական ու ոչ մասնագիտական ֆակուլտետներում դրա դասավանդման առանձնահատկություններին:
Նինա Նավիչնան լեզվի հետ կապված հիմնական խնդիրներից մեկը համարեց այն, որ Հայաստանում ռուսերենն ընդգրկված չէ պարտադիր առարկաների շարքում:
Վերջինս նկատեց` եթե հակառակը լիներ, ապա ռուսերենով հետաքրքրվողների թիվը կմեծանար, իսկ լեզուն վերածնունդ կապրեր:
Թեմայի հետ կապված իր տեսակետը հայտնեց նաև ՀՊՄՀ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու,պրոֆեսոր Գայանե Շաղգամյանը:
.jpg)
Պրոֆեսորը ցավով նկատեց` չնայած ռուսերենը դպրոցում դասավանդվում է 10 տարի շարունակ, սակայն դրա իմացությունն ու արդյունքը ոգևորող չէ.«Լեզուների ուսուցման մեթոդը մեզանում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ունի. լեզվի իմացությունը պետք է դիտարկվի ոչ թե որպես նպատակ, այլ միջոց: Դասավանդման գործընթացը պետք է ուղեկցվի խոսքային մեկնաբանություններով. այս մեթոդի կիրառումը 1-2-րդ դասարաններում անակնկալի էր բերել ներկաներին»:
Բուհում գտնվող օտարերկյա մասնագետները հյուրընկալվեցին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին:
Խոսելով ռուսերենի դասավանդման մասին` ռեկտորը նկատեց.« Կարծում եմ, որ մեր ազգային դպրոցի ուսուցիչը պետք է փայլուն տիրապետի մայրենիին և բացի այդ, իմանա նաև գոնե մեկ օտար լեզու:Մանկավարժականում 4 անգամ ավելացվել են ռուսաց լեզվի դասաժամերը ուսումնական ծրագրերում. ուսանողների մեծ մասն էլ օտար լեզուներից նախապատվություն տվել է ռուսերենին: Այդ առումով մենք պարտավորված ենք արդարացնել մեր ուսանողների սպասելիքները, հատկապես, որ մեր ուսանողներից շատերը մարզերից են և կնպաստեն ռուսերենի տարածմանը երկրի ողջ տարածքում»:
Ի դեպ, «Հայաստանում 6-րդ Ռուսական օրեր» ծրագրի շրջանակում անցկացվող վարպետության դասին հաջորդեց գիտա-պրակտիկ 4-րդ միջազգային գիտաժողովը. աշխատանքն ընթացավ մասնաճյուղերում՝ «Ռուսաց լեզուն՝ որպես միջառարկայական կապերի իրացման միջոց կրթության ժամանակակից հարացույցում»,« Ռուսաց լեզուն վիրտուալ կրթական տարածքում. ռեսուրսներ, միջոցներ, գործիքներ», «ժամանակակից ռուսական բանավեճի ժանրային առանձնահատկությունները» թեմաներով:
Ոլորտի մասնագետները հանգամանորեն քննարկեցին ռուսաց լեզվի և գրականության զարգացման առջև ծառացած խնդիրները` միաժամանակ առաջարկելով լուծման ուղիներ: