Այսօր կայացավ Տեմպուսի ASPIRE ծրագրի՝ «Հատուկ կարիքներով մարդկանց մուտքը հասարակություն» միջազգային ծրագրի շրջանակներում անցկացվող վերջին սեմինարը. 2 ամիս

տևողությամբ սեմինարների ընթացքում վերապատրաստվեցին բուհի տարբեր ֆակուլտետների դասախոսներ:
Մոնիտորինգ անցկացնելու նպատակով սեմինարին ներկա էին նաև Հայաստանում Տեմպուս ծրագրի համակարգող Լանա Կառլովան և Սլովակիայի Կոշիցեի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, «Հաշմանդամների համար հասանելիության կետրոն»-ի ղեկավար Ալյոնա Գալադովան, որը պատկերային ներկայացումներով ցուցադրեց իրենց կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը:
«Վերապատրաստված դասախոսները պետք է իրենց ուսերին կրեն առանձնահատուկ կարիքներ ունեցող մարդկանց բարձրագույն կրթությունը համակարգելու մեծ պատասխանատվությունը»,-նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, «Հատուկ կարիքներով մարդկանց մուտքը հասարակություն» միջազգային ծրագրի կոորդինատոր Հեղինե Խաչատրանը և հավելեց՝ մասնագետների վերապատրաստումը կլինի շարունակական:
Անդրադառնալով վերապատրաստման առաջին փուլին՝ Հեղինե Խաչատրյանը վստահեցրեց, որ 2 ամիս տևողությամբ սեմինարների ընթացքում մասնակիցներին տրվել է ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև սահմանափակ կարողություններով ուսանողների հետ աշխատելու գործնական հմտություններ:

Տեմպուսի ASPIRE ծրագրի շրջանակներում վերապատրաստված դասախոս, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի՝ ուսումնական գծով տեղակալ Լիդա Արամյանի կարծիքով՝ սա կարևորագույն քայլ է առանձնահատուկ կարիք ունեցողների բարձրագույն կրթության կազմակերպման գործում:
«Տարբեր ֆակուլտետների դասախոսների և մասնագետների ներգրավումը ծրագրին այն կդարձնի առավել արդյունավետ. ներկայացվում և քննարկվում են ծրագրի իրականացման բազմակողմանի մոտեցումներ, նոր մեթոդներ ու ձևաչափեր»,-հավելեց Լիդա Արամյանը:
Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի դասախոս Դավիթ Պողոսյանը սահմանափակ կարողություններով անձանց հետ աշխատելու փորձ ունի առայժմ միայն թանգարանում, որի փորձառությունն ու վերապատրաստումից ստացած գիտելիքները կփորձի համատեղել բուհական համակարգում:
«Հաշմանդամներին հասարակության մեջ ներգրավելը ենթադրում է նաև նրանց ինտեգրել կրթական միջավայր, որին կնպաստի նաև արտերկրի աշխատափորձին ու տեխնոլոգիաներին տեղեկացված լինելը»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Պողոսյանը և նկատեց՝ ծրագրի իրականացումը աստիճանական գործընթաց է, որը ժամանակի ընթացքում կկարգավորվի հաշմանդամ ուսանողների պահանջմունքներով:
Սեմինարի ավարտին մասնակիցներն ստացան Տեմպուսի ASPIRE ծրագրի 1-ին փուլի վերապատրաստման վկայագրեր:
2012 թվականին մեկնարկած Տեմպուսի ASPIRE ծրագրի նպատակն է ստեղծել կրթական բարենպաստ միջավայր հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների բարձրագույն կրթության համար: