ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժների նոր որակ՝ դպրոցին
06.12.2013
Ձեռագործ տառադարաններ, հանելուկների պատկերազարդ տետրեր, բառագրքեր, քարտեր, պաստառներ և դիդակտիկ այլ պարագաներ՝ մեկ ցուցահանդեսում, որ կազմակերպել էին Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) բաժնի 4-րդ կուրսի ուսանողները՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանի ղեկավարությամբ:
«Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա» առարկայի շրջանակում ուսանողները 2,5 տարի շարունակ ստեղծել են ոչ միայն տարրական՝ գրաճանաչության այբբենական շրջանի, այլև միջին դպրոցի՝ բառագիտության և քերականության ուսուցման համար նախատեսված պարագաներ:
Ցուցադրության ընթացքում ուսանողները ներկայացրին յուրաքանչյուր դիդակտիկ նյութի կիրառման ձևերը, նպատակներն ու անհրաժեշտությունը:
Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը բարձր գնահատեց պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանի նախաձեռնությունն ու ուսանողների ջանասիրությունը՝ նշելով.
«Դիտելով աշխատանքները՝ վստահորեն կարող եմ ասել՝ հավատարիմ եք 4 տարի առաջ տված երդմանը՝ կաթիլ առ կաթիլ ամբարել եք գիտելիքների մեծ պաշար և դասախոսից ձեզ փոխանցած շռայլ գույները ներդրել ձեր աշխատանքներում»:
Աշոտ Գալստյանը նկատեց՝ մեթոդական մեծ հմտությամբ արված աշխատանքները թույլ են տալիս մտածել, որ ուսանողները պատրաստ են առաջիկա ուսումնական տարում ստանձնել ուսուցչի դերը և վարել բարության, ազնվության և շռայլության՝ մայրենիի դասը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքի վերաբերյալ և ուսանողներին դիմելով որպես ապագա կոլեգաների՝ հորդորեց՝ անպատրաստ չմտնել դպրոց:
Ջուլիետա Գյուլամիրյանը միջոցառման ավարտին ևս մեկ անգամ կարևորեց դիդակտիկ պարագաների պատրաստումը հատկապես ուսումնառության տարիներին՝ նշելով՝ դրանց կատարումը նպաստում է ուսանողների՝ իբրև մանկավարժ կայացմանը, իսկ սեփական ձեռքերով պատրատելը տալիս գիտակցական կրթություն:
«Առարկայի վերջնարդյունքը համարում եմ ոչ թե գիտելիքը, այլ համոզմունքը, իսկ դասավանդման մեթոդիկան հենց համոզմունքների առարկա է: Յուրաքանչյուր առարկա պետք է անցնել ոչ թե տեսությունը յուրացնելու, այլ սեփական անձը այդ մասնագիտությանը համարժեք դարձնելու համար»,-նշեց պրոֆեսոր Գյուլամիրյանը և հավելեց՝ ուսանողների որակյալ աշխատանքները վկայում են նրանց՝ մասնագիտության հանդեպ մեծ նվիրումն ու կապվածությունը:
Ցուցադրության ավարտին «Լավագույն մեթոդական կատարելություն», «Հրաշալի մտահղացում», «Ինքնատիպ աշխատանք» և այլ անվանակարգերում լավագույնը ճանաչված ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով, իսկ բարձր առաջադիմությամբ և առավել ակտիվությամբ աչքի ընկած ուսանողները՝ Ջուլիետա Գյուլամիրյանի անվանական նվերներով: