Առարկաներ ճանաչող, փախչող և գծին հետևող ռոբոտներ.սրանք Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական կոնֆերանսում գործարկված բուհի

առաջին ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորներն են:
Ֆակուլտետի միավորման 1-ամյակի առթիվ կազմակերպված կոնֆերանսի ընթացքում Տեխնոլոգիա և ձեռնարկչություն բաժնի մագիստրոս Աննա Հակոբյանը ներկայացրեց տիպային ռոբոտն ու մանարմասնեց նրա` նախապես ծրագրավորված վարքագծով իրականացրած մի շարք գործողությունները:
Ի դեպ, ռոբոտի ստեղծման գործում իր մեծ ներդրումն է ունեցել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Օրդյանը:
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոսները ներկայացրին ոլորտի հետ կապված հետաքրքիր այլ նորություններ ևս:
Ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս Մարինե Գասպարյանն իր ելույթում ներկայացրեց հայերի կողմից ստեղծված մի շարք գյուտեր, առանց որի աշխարհը գուցե չլիներ այն, ինչ կա:
Համակարգչային թեստավորման առավելությունների, թերությունների ու գործարկման մեխանիզմների մասին խոսեց Ինֆորմատիկա բաժնի մագիստրոս Վեներա Մանուկյանը:

Վերջինս իր զեկույցում ընդգծեց` տեխնոլոգիաների պարզապես ներդրումը դեռևս չի երաշխավորում առաջընթաց, բայց դրանցից հրաժարվելն արդենիսկ հետընթաց է:
Ապագա բնագետ Արմինե Գալստյանն անդրադարձավ ճառագայթին, դրա տեսակներին ու ազդեցությանը մարդու և շրջակա միջավայրի վրա. «Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ: Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափելն անհնար է »,-եզրափակեց զեկուցողը:
Հոգեբանամանկավարժական հետազոտություններում վիճակագրական մեթոդների կիրառմանն ու վիճակագրական հայտանիշների տիպերին անդրադարձավ Մաթեմատիկա բաժնի մագիստրոս Համեստ Հովակիմյանը:
Կոնֆերանսում ապագա ֆիզիկոս Անուշ Մկրտչյանը ներկայացրեց լազերային հովանցման երևույթը, ինքանահովացնող

լազերների գործընթացն ու դրանց կիրառման ոլորտները:
Մագիստրոսը նկատեց` լազերային հովացման երևույթն ունի բազմաթիվ կիրառություններ գիտության մեջ և տեխնիկայում.այն ներկայումս հանդիսանում է ֆիզիկայում առավել ինտենսիվ ուսումնասիրվող երևույթներից մեկը:
Կոնֆերանսի անցկացումը ողջունեցին Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը, Մեքենագիտության, ընդհանուր տեխնիկական առարկաների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, Բորիս Խոդերյանն ու ՈւԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը:
Գագիկ Դեմիրխանյանը նկատեց` ֆակուլտետի 1-ամյակը նշելը պայմանական է. նախկինում էլ այս ուղղությունները միասնական` մեկ ֆակուլտետի կազմում են եղել:
Նա ուրախ է` ֆակուլտետն ինտեգրվել է բուհի զարգացման գործընթացին.այդ են վկայում ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների դասավանդման որակն ու ուսանողների ուսուցումը արտասահմանյան բուհերում: