Ինչ է երկրաշարժը, ինչպես է գնահատվում նրա ուժը, ինչ ազդեցություն է ունենում այն մարդու և շրջակա միջավայրի վրա. 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից շուրջ

25 տարի անց էլ թեման մնում է հրատապ և արդիական:
ՀՊՄՀ Բնապահպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված ՙԱղետալի 41 վայրկյան՚ խորագրով սեմինար-քննարկումը նվիրված էր երկրաշարժի զոհերի հիշատակին, որի նպատակն էր ևս մեկ անգամ դասեր քաղել անցյալից:
Բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողները պատկերային ներկայացումներով ուղեկցվող զեկույցներում անդրադարձան երկրաշարժերի առաջացմանը, տարբեր ժամանակաշրջաններում եղած ավերիչ երկրաշարժերին, Սպիտակի երկրաշարժի մարդկային և նյութական կորուստներին:
Խոսելով բնական և տեխնածին երկրաշարժերի մասին` ուսանողները նկատեցին` Հայաստանը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում և մեր տարածքում առավել ուժեղ ու տարածված են հատկապես տեկտոնական երկրաշարժերը:
ՀՊՄՀ ՈւԽ Բնապահպանության հանձնաժողովի նախագահ, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանող Վահե Ամիրաղյանը, լինելով ապագա աշխարհագետ, կարևորեց ձեռնարկի անցկացումը` այն դիտարկելով աղետներից հնարավորինս խուսափելու տարբերակ:
Նույն ֆակուլտետի Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ Գևորգ Կարապետյանը ևս նկատեց` տեղեկացված լինելն իսկապես կարևոր է. տարածաշրջանը գտնվում է սեյսմիկ գոտում, իսկ աղետների թիվն էլ վերջին տարիներին աննախադեպ աճ է ապրել: