ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վիլյամ Սարոյանի՝ Մարդու և մարդկայինի աշխարհը
09.12.2013
Մանկավարժական համալսարանի Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կազմակերպվել էր Վիլյամ Սարոյանին նվիրված ցերեկույթ:
Բուհի թատրոն-ստուդիայի ուսանողների մատուցմամբ ներկաները դիտեցին գրողի՝ «Հեյ՜, ով կա այդտեղ», «Հայը և հայը», «Հանճարը» ստեղծագործությունների կոմպոզիցիան՝ ներկաներին հաղորդելով սարոյանական թախիծը:
Ուսանողներն իրենց ասելիքով ու կատարողական վարպետությամբ ներկաներին տեղափոխեցին մեծ գրողի՝ Մարդու և մարդկայինի աշխարհը:
«Հայկական ծագումով ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը համաշխարհային երևույթ է, որ գրականություն բերեց իր ոճն ու փիլիսոփայությունը: Նա տեսել է աղքատությունը, նրա հերոսները հասարակ մարդիկ են, բայց գրողն ուներ հարուստ հոգեկան աշխարհ, որն արտացոլվել է իր ստեղծագործություններում»,- ասաց Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը՝ միջոցառման մասնակիցներին ներկայացնելով Վիլյամ Սարոյանի կյանքի կարևորագույն դրվագներն ու ստեղծագործական բնութագիրը:
Վիլյամ Սարոյանին նվիրված միջոցառումը կազմակերպել էին ՀՊՄՀ Թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը և ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հերբերտ Գասպարյանը: