ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատաժողով-կոնֆերանս` բարձրագույն կրթության կառավարիչներ պատրաստող ծրագրի շրջանակներում
09.12.2013
Այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանում Տեմպուսի` «Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական աշխատաժողով-կոնֆերանսը:
Ներկաներին ողջունեցին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը:
Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ աշխատաժողովը ոչ միայն հնարավորություն է տալիս ի մի բերել մեկ տարվա ընթացքում արված աշխատանքները, այլև պլանավորել հետագա անելիքները:
«Տեմպուս» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան համակարծիք է` հանդիպումների շնորհիվ ոլորտի մասնագետները ծանոթանում են բարձրագույն կրթության համակարգի և ՏՏ ոլորտի նորույթներին ու հիմնական միտումներին:
«Տեմպուս» ծրագրի գրասենյակի ղեկավարը ցավով նշեց` շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, Բոլոնյան գործընթացը կրում է ֆորմալ բնույթ.ծրագրի մասնակցությունը գուցե լուծի նաև այդ խնդիրը և բովանդակային փոփոխություններ կատարի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական գործընթացներում:
Հետազոտությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոնի ներկայացուցիչ Լուիզա Արդիզոնեն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Տեմպուսի` «Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի մեկ տարվա աշխատանքը:
Նա ներկայացրեց Հետազոտությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոնի իրականացրած մոնիթորինգի արդյունքները` մանրամասնելով այս ընթացքում արված աշխատանքները:
Բաֆ Սպա համալսարանի ներկայացուցիչ Փոլ Հայլանդը, խոսելով ծրագրի մասին, կարևորեց վերջնարդյունքների և հետագա գործողությունների հստակեցումը: Նա ակնկալեց մասնակիցների ակտիվությունն ու ծրագրում առավել մեծ թվով մարդկանց ներգրավումը:
Աշխատաժողով-կոնֆերանսի երկրորդ մասում ծրագրի մասնակից-գործընկերները` Մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Վանաձորի պետական մանկավարժական, Գորիսի պետական համալսարանների, Վրաստանի Իլիայի պետական, Սևծովյան միջազգային, Շոթա Ռուստավելու անվան և Ակակի Ծերեթելու պետական համալսարանների ներկայացուցիչները հանդես եկան աշխատանքային առաջին փաթեթի հաշվետվությամբ:
Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանը ներկայացրեց Տեպմուսի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում բուհում ներդրված «Կրթության կառավարում» մասնագիտության ուսումնական ծրագրերը, մշակված դասընթացները, ուսանողներին մատուցված աշխատանքային փաթեթը, մանրամասնեց հետագա 2 տարիների գործողությունների պլանն ու ռազմավարությունը:
Ռիտա Գևորգյանը դրական գնահատեց ծրագրի արդյունքները` նկատի ունենալով նաև եվրոպացի գործընկերների կարծիքները:
Ծրագրի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը. կքննարկվեն ուսանողների շարժունակության խնդիրները:
Հիշեցնենք, որ Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի նպատակն է մշակել կրթական ծրագիր` հիմնված ուսումնական վերջնարդյունքների վրա, ուսումնական վերջնարդյունքներով պայմանավորված համապատասխան գնահատման համակարգ, դասավանդման և ուսուցառման մեթոդաբանություն:
Ծրագրի տևողությունը 36 ամիս է. ավարտը նախատեսված է 2015 թվականի հոկտեմբերի14-ին:
Դրամաշնորհային ծրագիրը շահած Հայկական պետական մանկավարժական համալսարանը համակարգում է աշխատանքների ընթացքը: