Պատմության և իրավագիտության ֆակուլտետի հյուրն այսօր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայազգի հայտնի փաստաբան Կարո Քամարյանն էր:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում փաստաբանն անդրադարձավ ամերիկյան օրենքներին՝ մատնանշելով, որ դրանցում մարդկանց իրավունքներն ավելի շատ են, քան պետությանը:
«Հայաստանն ու Ամերիկան տարբեր մշակույթներ և մտածողություն ունեն. դրանից է բխում նաև երկու ժողովուրդների՝ փաստաբանների հանդեպ ունեցած վերաբերմունքը. Ամերիկայում իրավաբանները հարգված և մեծ ազդեցություն ունեցող մասնագետներ են: Այստեղ իրավաբաններին շնաձուկ են համարում, սակայն առանց նրանց էլ ոչինչ անել չեն կարողանում»,-նշեց քրեական, հարկային և ամուսնալուծությունների ոլորտներում մեծ ճանաչում վայելող փաստաբանը և հավելեց՝ չնայած դրան՝ Միացյալ Նահանգներում կան բազմաթիվ այլ բարքեր, որոնք պետք չէ յուրացնել:
Կարո Քամարյանը ցավով նկատեց՝ հայաստանյան իր գործընկերները երբեմն չեն կարող օգտվել նույնիսկ օրենքով սահմանված իրենց իրավունքներից. դիմելով ապագա իրավագետներին՝ փաստաբանը հորդորեց՝ մասնագիտական ապագա գործունեությունը կառուցելիս փնտրել հասարակական վերաբերմուքը մասնագիտության հանդեպ փոխելու ելքեր:

Անդրադառնալով Հայաստանից ԱՄՆ օրինական ներգաղթյալներին պատշաճ պայմաններ շնորհելուն՝ Քամարյանը նշեց. «Ամերիկան մեծ երկիր է, որի գլխավոր խնդիրը պետական շահն է. այն սահմաններից ներս է թողնում պետության համար կարևոր ու պիտանի՝ այլ երկրների լավագույն մասնագետներին` նրանց հրապուրելով միայն բարձր աշխատավարձով»:
Անհամապատասխան կեցվածք, լեզվի չիմացություն, մտածողության տարբերություն. խնդիրներ, որոնց բախվում է յուրաքանչյուր հայաստանցի երիտասարդ և որի արդյունքում նրանք շատ հաճախ կանգնում են դատարանի առջև:
«Թմբուկի ձայնը միայն հեռվից է անուշ հնչում. Ամերիկան որքան մեծ երկիր է, այնքան էլ մեծ օվկիանոս է ու ճահիճ.խեղդվելն էլ, խորտակվելն էլ՝ հեշտ է:Ամերիկան ու հատկապես հայկական գաղութը բազում սպառնալիքներ և խնդիրներ ունեն, սակայն ես չեմ կարող անշնորհակալ լինել այդ երկրի հանդեպ. ես ծնվել, սովորել և իմ ապագան ապահովել եմ հենց այդ երկրում»,- ասաց Կարո Քամարյանը:
Հանդիպման ընթացքում նա պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող՝ հատկապես Հայաստանում նրա հիմնական բնակության հարցերին. «Իմ նախահայրերը, ջարդերից մազապուրծ, հասել են Բեյրութ, ծնողներս՝ առանց Հայաստանը տեսնելու, ինձ սովորեցրել են հայրենիքիս մասին ամեն ինչ, ես 100 տարի հայ եմ մնացել՝ առանց Հայաստանը տեսնելու և ինձ համար վիրավորական է մարդկանց այն կարծիքը, որ Երևանում Մասիսին նայող բնակարան ունենալն է հայրենասիրության դրսևորում»,-ասաց ամերիկահայ փաստաբանը և հավելեց. «Ես արմատներով կապված եմ իմ հայրենի հողին». այդ են վկայում Շուշիում՝ Կարո Քամարյանի ձեռքերով տնկած ցորենի և ծիրանի այգիները: