Նոյեմբերի 18-22-ը ՀՊՄՀ Վահան Թոթովենցի անվան № 57 հիմնական դպրոցի և Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի 55 ուսուցիչներ Մանկավարժական համալսարանում

մասնակցեցին վերապատրաստման դասընթացների, որոնք վարում էին բուհի դասախոսները. նպատակն էր զարգացնել ուսուցիչների ներառարկայական հմտություններն ու մասնագիտական գիտելիքները:
Դասընթացն իրականացնելու հիմքը նախապես անցկացված թեստավորման արդյունքներն էին, որի ժամանակ հետազոտվել էին ուսուցիչների մասնագիտական թույլ և ուժեղ կողմերը, մտավոր և մասնագիտական կարողությունները:
Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները, աշխատելով ուսուցման ժամանակակից մեթոդներով, խորացրին ՀՀ հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների պահանջների իմացությունը, ծանոթացան մանկավարժական տարբեր տեխնոլոգիաներին:
Քննարկելով ուսուցման սովորողակենտրոն մոտեցման առանձնահատկությունները ու գնահատման նոր համակարգի հիմնադրույթները` ուսուցիչները պլանավորեցին դասեր, որոնք համատեղ վերլուծեցին առարկայական փոքր խմբերում:

Դասընթացի ավարտին մասնակիցները նկատեցին, որ ընդամենը մի քանի օրում, աշխատելով ժամանակակից դասի մոդելով, կարողացան իրենց հետագա աշխատանքի համար շեշտադրումներ անել` գործունեությունը դարձնել չափորոշչահեն, ուշադրություն գործընկերների, սաների ու ծնողների հետ համագործակցությանը, հանգամանորեն պլանավորել և վերլուծել բոլոր քայլերը, հստակեցվեցին ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները, առաջարկն ու պահանջարկը:
«Չնայած սեղմ ժամկետին, ուսուցիչներին տրվել է առավելագույն գիտելիքներ և մատուցվել է մասնագիտական նոր մոտեցումների ուսուցում. ծրագրի շրջանակում քննարկվել են կրթությանն ու գիտությանը, ինչպես նաև հանրակրթական ծրագրերին վերաբերող օրենքներն ու կանոնադրությունները: Համակողմանիորեն ներկայացվել են առարկայական ծրագրերի, դասի պլանի կազմման և իրականացման անհրաժեշտ բոլոր կողմերը: Առավել նշանակություն է տրվել գնահատման համակարգի ուսումնառությանը»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:
Վերապատրաստման դասընթացների կազմակերպիչներ` Նաիրա Տողանյանը, Աստղիկ Բալայանը, Լիդա Ավանեսյանը և Լաուրա Ավագյանը նշեցին, որ ուսուցիչների հետ աշխատանքը շարունակական է. ընդ որում` աշխատանքներն իրականացվում են և՛ տեղում` դպրոցներում, և՛ համալսարանում` նախօրոք մշակված ժամանակացույցով ու բովանդակությամբ: