Մանկավարժական համալսարանում Տեմպուսի` «Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման

կառավարման համար» ծրագրի հերթական աշխատաժողովի երրորդ`ամփոփիչ օրը, ծրագրի մասնակիցները հանդիպեցին ուսանողների հետ:
Ծրագրի արտասահմանցի գործընկերները «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրոսների համար անցկացրին տարատեսակ խաղեր, որոնց նպատակն էր ստեղծել մեկ ընդհանուր միջավայր` հնարավորություն տալով զարգացնելու մանկավարժի մի շարք հատկանիշներ, այդ թվում` բանակցելու և առաջնորդելու ունակություններ:
Միդլսեքս համալսարանի ներկայացուցիչ Ջորջ Դաֆուլասը հավաստիացրեց ` առաջին հայացքից պարզ թվացող խաղերն իրականում ուսանողներին օգնում են կառավարել բարդ պրոցեսները.ապագա մանկավարժները խաղերում գործածված հնարքների միջոցով կկարողանան ճիշտ կազմակերպել և արձագանքել ուսումնական գործընթացներին ու կառավարել ժամանակը:

Խոսելով վերջնարդյունքների մասին` Ջորջ Դաֆուլասը նկատեց` ՀՊՄՀ-ի պրոֆեսիոնալ աշխատանքային թիմի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մի շարք խնդիրներից, իսկ ուսանողների հետ կայացած հանդիպումը փաստեց, որ բարձրագույն կրթության ոլորտում բարձրորակ կադրերի պակաս չի զգացվի:
«Հաջողության ձեր բանաձևով կիսվեք այլ բուհերի հետ ևս. դրանց հետևելով միայն հնարավոր կլինի առաջընթաց գրանցել»,-հորդորեց Միդլսեքս համալսարանի ներկայացուցիչը:
Իտալիայի Հետազոտությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոնի ներկայացուցիչ Լուիզա Արդիզոնեն նկատեց` Տեմպուսի ծրագրի շրջանակներում հատկապես արդյունավետ էին խմբային աշխատանքները, որոնք տեղեկատվություն հաղորդեցին նաև այլ համալսարանների գործունեության վերաբերյալ:
Լուիզա Արդիզոնեն եռօրյա աշխատանքում ամենից շատ կարևորեց ուսանողների հետ հանդիպումը:
Օտարերկյա մասնագետների հետ հանդիպման երկրորդ հատվածում «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրոսները պատկերային ներկայացումների միջոցով ներկայացրին ուսումնական պրոցեսն ու հանդես եկան մի շարք առաջարկներով:
Ուսանողները ցանկություն հայտնեցին, որպեսզի համագործակցող բուհերում անցկացվող նույն դասընթացները տեսակապի միջոցով հասանելի լինեն բոլորին, բուհերի մագիստրոսների համար կազմակերպվի սիմպոզիում, իսկ փոխանակման ծրագիրն էլ գործի ինչպես արտերկրում, այնպես էլ երկրի սահմաններում:
Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը հանդիպման ավարտին կարևորեց բարձրագույն կրթության ոլորտի պրոֆեսիոնալների հետ շփումն ու համագործակցությունը, իսկ Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրը կօգնի ուսանողներին ինտեգրվել այն միջավայրին, որը կնպաստի հետագա առաջընթացին: