ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Որակի ապահովում, արդյունավետ կառավարում և թափանցիկություն՝ եռամյա համագործակցության առանցքում
12.12.2013
Այսօր մեկնարկեցին «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում անցկացվող Հայկական պետական մանկավարժական և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների համագործակցային ծրագիրն ամփոփող աշխատաժողով-կոնֆերանսի աշխատանքները:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեք տարի առաջ մեկնարկած ծրագիրը համարեց ոլորտում շոշափելի ձեռքբերումներով աչքի ընկնող ամենահաջողված ծրագիրը:
««Կրթության որակ և համապատասխանություն» ծրագիրը պետք է դառնա կրթական ոլորտի յուրաքանչյուր մասնակցի սեփականություն, ոչ թե կատարած աշխատանքի հաշվետություն: Սա բովանդակություն է, որ պետք է ներդրվի այլ բուհերում ևս՝ եվրոպական լավագույն կրթական չափանիշներին համապատասխան դասավանդման մեթոդաբանություններ, առարկայական ծրագրեր, կրթության որակի ապահովման ժամանակակից գործիքներ ունենալու համար. դրանք են ժամանակակից որակյալ կրթության բաղադրիչները»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ հույս հայտնելով, որ երկու բուհերի միջև սկիզբ դրված համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:
Նախարարն անդրադարձավ նաև ծրագրի արդյուքներին՝ նշելով, որ բացի արտաքին ֆինանսական և բովանդակային աջակցությունից, Մանկավարժական համալսարանը համագործակցել է աշխարհի լավագույն բուհերից մեկի հետ, որի կրթական մոդելը Եվրոպայի մանկավարժության բնագավառում դասական օրինակ է: Անդրադառնալով ծրագրի շրջանակում Օուլուի համալսարանի ձեռքբերումներին՝ Արմեն Աշոտյանը վստահեցրեց՝ օտարերկրյա գործընկերների համար նույնպես այս համագործակցությունը միջազգայնացման հաջողված ծրագիր էր:
«Ծրագրի ընթացքը գնահատում ենք օգտակար և արդյունավետ. համագործակցության և համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են պրակտիկայի կազմակերպման նոր մոդելներ, տարբեր առարկաների գծով նոր ծրագրեր, մեթոդական մոտեցումներ և ուսումնական գործընթացի բարեփոխման այլ բաղադրիչներ»,-ողջույնի խոսքում նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ հավելելով, որ գործընկեր բուհերի մասնագետների փոխայցելություններն անգնահատելի և արդյունավետ նշանակություն կունենան ոչ միայն այդ համալսարանների, այլև երկու երկրների կրթական համակարգերում:
«Ֆինլանդիայում ուսուցիչը միշտ էլ հարգված մասնագիտություն է եղել. մենք ունենք ուսուցիչների պատրաստման, կրթության

իրականացման գործում հինավուրց ավանդույթներ: Մեր երկրի տնտեսական հաջողությունների հիմնական մասը հենց կրթական համակարգի հզորությունն է եղել, ներկայումս մեր երկիրը հենված է հենց գիտելիքի ապահովման վրա, իսկ բարձ որակի կրթության երաշխիքը դասախոսի որակն է»,-ասաց Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունեն՝ հավելելով, որ ներկայիս՝ գլոբալիզացիայի ժամանակաշրջանում բոլոր համալսարաններին անհրաժեշտ են գործընկերներ՝ արդյունավետ համագործակցություն ունենալու համար:
Լաուրի Լայունեն ընդգծեց, որ համագործակցության ընթացքում երկու բուհերի համար առանցքային են եղել որակի ապահովումը, արդյունավետ կառավարումն ու թափանցիկությանսկզբունքերը և խիստ կարևորվել վերապատրաստման դասընթացների իրականացումը, որն անմիջականորեն կապված է ֆակուլտետի և համալսարանի աշխատանքների հետ:
Օուլուի ռեկտորն ընթերցեց նաև Ֆինլանդիայի Կրթության և գիտության նախարարի ուղերձը, որում նա իր ուրախությունն է հայտնում համագործակցության արդյունքում երկու համալսարաններում կատարված փոփոխությունների վերաբերյալ և առաջարկում համագործակցել առավել լայն շրջանակներում:
Ծրագրի իրականացմանն աջակցելու համար Լաուրի Լայունեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստեան Աեդոյին պարգևատրեց Օուլուի համալսարանի շքանշանով, իսկ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին՝ բրոնզե մեդալով:
«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի ֆինանսական աջակցություն ցուցաբերած Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստիան Աեդոն վստահեցրեց՝ ծրագրով նախատեսված դրույթները իրագործելու դեպքում ներկայիս բարեփոխումների տեսանկյունից Մանկավարժական համալսարանը կդառնա լուրջ մրցակից:
Աշխատաժողով-կոնֆերանսի աշխատանքները շարունակվեցին զեկուցումների ձևաչափով. կրթության ոլորտի փորձագետները ներկայացրին բովանդակային բարեփոխումներն ու իրականացված աշխատանքները:
Ի դեպ, «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում անցկացվող Ֆինլանդիայի Օուլուի և Հայկական պետական մանկավարժական համալսարանների համագործակցային ծրագիրն ամփոփող աշխատաժողով-կոնֆերանսի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը: