«Այս ցուցադրությամբ ականատես եղանք մի հետաքրքիր հանգամանքի. Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունեն ոչ միայն քիմիկոս-գիտնական է և կրթության ոլորտի
.jpg)
լավկազմակերպիչ, այլև գեղարվեստական լուսանկարչության իսկական վարպետ»,-ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ ֆինն գործընկերոջ լուսանկարչական հավաքածուի ցուցադրության ժամանակ:
Ռուբեն Միրզախանյանը Լայունեին պարգևատրեց բուհի բարձրագույն պարգևով՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով և նվիրեց լուսանկարչական պատմության խորհրդանիշ հանդիսացող 20-րդ դարի ֆոտոխցիկ:
Լաուրի Լայունեն շնորհակալություն հայտնեց պարգևատրման համար՝ մեդալին արժանանալը համարելով ոչ միայն մեծագույն պատիվ, այլև պարտավորեցնող հանգամանք.«Հանձին Մանկավարժական և Օուլուի համալսարանների՝ հայ և ֆինն ժողովուրդները դարձան բարեկամներ: Օուլուի հանձնախումբը հիացած է հայկական մշակութային ժառանգությամբ և պատմական արժեքներով. հավաստիացնում եմ՝ մենք կտարածենք հայկական մշակույթը նաև Ֆինլանդիայում»,-ասաց Օուլուի ռեկտորը և միջոցառման ներկաներին պատմեց լուսանկարչական արվեստով զբաղվելու ցանկության, հայտնի լուսանկարիչների հետ համագործակցելու վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ:
Լաուրի Լայունեն վստահեցրեց՝ երկու բուհերի միջև սկզբնավորվող նոր ծրագրերը կնպաստեն փոխճանաչմանն ու կընդլայնեն համագործակցության սահմանները:
Ի դեպ, ցուցադրության ընթացքում ֆինն ռեկտորը պատասխանեց նաև ներկաների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին, թե ինչպես ճիշտ լուսանկարել թռչուններին: