ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Միջազգայնացումն է մեր ապագան»
13.12.2013
«Կրթության որակ և համապատասխանությունե երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում անցկացվող կոնֆերանսի երկրորդ նիստը նախագահում էին Օուլուի համալսարանի կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա-Լիզա Կորկեամակին և ՀՊՄՀ Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:
Ռիտա-Լիզա Կորկեամակին համառոտ ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված փորձի արդյունքները, ինչպես նաև մեկնարկից առաջ իրենց մտավախություններն ու անհանգստությունները. ՙԱնցնելով միջմշակութային ճանաչման փուլը՝ մենք ներկայացրինք տարբեր մեթոդներ և ծրագրեր՝ հետագա քայլերը հասկանալու համար՚,-ասաց նա՝ ընդգծելով` արդեն ավարտվող այս ծրագիրը, որ ընդգրկում էր թիմային աշխատանք ՀՊՄՀ-ի հետ, համագործակցության շատ լավ օրինակ է :
«Բարեփոխումները շատ կարևոր են, առավել կարևոր է, երբ արդյունքի հասնելու համար ընտրում ես ճիշտ գործընկերների. այն, ինչ ստեղծեցինք միասին, կարևոր նվաճում է, որովհետև արդյունքներից յուրաքանչյուրն արժեքավոր է», -ասաց Ռիտա-Լիզա Կորկեամակին՝ թվարկելով ձեռքբերումները՝ որոշ առարկաների քանակի կրճատում, նորարարական մոտեցումներ, բովանդակային փոփոխություններ, ընտրովի կուրսերի մշակում, գրականության վերանայում, ուսանողակենտրոն մեթոդի որդեգրում, բակալավրիական և մագիստրոսական ծրագրերի պարզեցում, կարիերայի կենտրոնի ստեղծում և այլն:
Օուլուի համալսարանի դեկանը փաստեց, որ Մանկավարժականում ակնհայտ է պրոֆեսիոնալ զարգացումը.ՙՄիջազգայնացում՝ սա է մեր ապագան՚,-նկատեց Ռիտա-Լիզա Կորկեամակին:
ՀՊՄՀ պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, խոսելով երեք տարվա աշխատանքների մեկնարկային և վերջնական արդյունքների մասին, փաստեց` այն միտված էր նրան, որ ունենանք բարձր որակի ուսուցիչներ: Թվարկելով մի շարք ձեռքբերումներ՝ բանախոսը հավելեց, որ գրեթե բոլոր ծրագրերն իրականացվել են, միաժամանակ ձեռք է բերվել դրանք իրականացնելու պրակտիկա, այդ թվում`համալսարանի № 57 բազային դպրոցի օրինակը, որտեղ ներդրվել է ուսուցչի օգնականի ինստիտուտը:
Երկու համալսարանների միջև համագործակցության արդյունքները ներկայացրեց նաև Օուլուի համալասարանի Ուսումնական գծով պրոռեկտոր Եվա Մարիա Ռաուդասոյան:
«Նախագիծն ավարտվեց, բայց աշխատանքը նոր է սկսվում. սա ամբողջ կյանքի համար է և այն պետք է տարածել մանկավարժական կրթություն իրականացնող բոլոր ուսումնական հաստատություններում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ առաջնորդվել են եվրոպական որակի գնահատման տարբեր չափորոշիչներով:
Մանկավարժական համալսարանն ընտրել է կառավարման թափանցիկության չափորոշիչները` որակի քաղաքականություն, մտածելակերպի փոփոխություն, անընդհատ զարգացման մշակույթ, մասնագիտական զարգացման գիտականություն, փաստաթղթային աշխարհից անցնում էլեկտրոնայինի, գնահատում և գնահատման գնահատում, ճկուն գործիքների օգտագործում:
Փորձի ուսումնասիրության արդյունքները ներկայացնող զեկուցումներով հանդես եկան ՀՊՄՀ Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանն ու Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը:
«Պրակտիկայի համակարգը» թեմայով զեկուցման ընթացքում Վահան Սարգսյանը նկատեց.ՙՈւսումնասիրությունները ցույց տվեցին, որ պրակտիկայի ոլորտում խնդիրները խորքային են կառավարման, իրավական-նորմատիվ ապահովման, տեսական դասընթացների և պրակտիկայի կապի ապահովման, ուսումնական ռեսուրսների, բուհ-գործատու համագործակցության և այլ աշխատանքներում:
Պրակտիկայի ստորաբաժանման ղեկավարը ներկայացրեց ՀՊՄՀ անընդհատ շարունակական պրակտիկայի մոդելը, ապա № 57 դպրոցում մեկ կիսամյակ անցկացված փորձնական պրակտիկայի արդյունքներն ու արդյունավետությունը:
Հեղինե Խաչատրյանը փորձի ուսումնասիրության համատեքստում հանդես եկավ «Նախադպրոցական կրթության ուսումնական պլանի զարգացումը» զեկուցմամբ: Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթություն/ ուսումնական պլանի զարգացման համալսարանի փորձը՝ խոսելով մասնագիտական կրթության նպատակի մասին, որին պետք է միտված լինեն բոլոր կրթական ծրագրերը:
Դեկանն անդրադարձավ ինչպես կրթական ծրագրի առանցքային գաղափարներին, կրթական վերջնարդյունքների սահմանմանը, կոմպետենցիաների բնորոշմանը, այնպես էլ կրթական ծրագրի առանձնահատկություններին:
Կոնֆերանսի քննարկումը եզրափակվեց «ՀՊՄՀ միջազգայնացումը և համագործակցության արդյունքները» զեկուցումը. այն ներկայացրեց Մանկավարժական համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը:
Վերջինս անդրադարձացավ ռազմավարությունում ամրագրված մեթոդներին, գործիքներին, նպատակներին ու խնդիրներին, որոնք ամրագրել են Համալսարանի միջազգայնացման գործընթացում:
Պրոռեկտորը ներկայացրեց այն դրույթները, որոնք անհրաժեշտ են կրթական ծրագրերի որակի բարելավման և եվրոպականի հետ համադրելիությունը ապահովելու համար` որակի ապահովման մեխանիզմների և գործիքների ներդրում, ուսանողների և աշխատակազմի շարժունություն, ուսանողների և աշխատակազմի նոր հմտությունների խթանում, գիտելիքների, արժեքների ձեռքբերում, կրթության, հետազոտության և նորարարության միջև կապի հաստատում, աշխատաշուկայի հետ կապերի հաստատում, զբաղվածությունն ապահովող հմտությունների տրամադրում:
Արա Երեմյանը ներկայացրեց նաև ՀՊՄՀ-ի և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների միջև համագործակցության ընթացքում առկա խնդիրներն ու հետագա անելիքների շարքը` ֆիննական և հայկական համագործակցության շարունակականություն, համատեղ հետազոտություն, աշխատակազմի և ուսանողների շարժունության աճ, հետազոտական աշխատանքների համաղեկավարում և այլն: