ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականն ու Օուլուի համալսարանը ստորագրեցին հուշագիր
13.12.2013
Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների միջև ստորագրվեց համագործակցության նոր աստիճան ենթադրող հուշագիրը՝ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում:
«Կրթական ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները կազմակերպչական և ֆինանսական մեծ ներդրում են պահանջում, որոնք ապահովելու դեպքում հնարավոր կլինի կյանքի կոչել դրանք»,-նշեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Կնքված հուշագիրը ենթադրում է ուսանողների, դասախոսական անձնակազմի և կրեդիտների փոխանակում ուսումնական պրակտիկայի ոլորտում, համատեղ հետազոտական գործունեություն, կրկնակի բակալավրական, մագիստրոսական, դոկտորական աստիճան շնորհող կրթական ծրագրեր:
Մանկավարժական համալսարանի ռեկտորն ընդգծեց` բուհում ամենակարևոր օղակը եղել, կա և մնում է ուսանողը, ապա առաջարկեց երկու համալսարանների միջև 2014 թվականին իրականացնել ուսանողների փոխանակման ծրագիր:
Ռուբեն Միրզախանյանը Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունենին համարեց ֆիննական կրթական համակարգի հիմնադիրներից մեկը, ապա սիրով ընդունեց նրա` Օուլուի համալսարանում հյուրընկալվելու հրավերքը:
Լաուրի Լայունեն մեծ պատիվ համարեց հուշագրի ստորագրումը` այն դիտարկելով երկու բուհերի համագործակցության առաջին փուլի ամփոփման և հետագա զարգացման փաստաթուղթ, որն ամպայման կիրագործվի. «Ստորագրված համաձայնագիրը ենթադրում է ոչ միայն ուսանողների ուսումնառության գործընթացի կազմակերպում, այլև դասախոսական անձնակազմի փոխանակում, որը հնարավորություն կտա համատեղ կազմակերպել ակադեմիական դասընթացներ, իրագործել հետազոտական նախագծեր և ինչու ոչ` մշակել երկու պետությունների և բուհերի կողմից ճանաչվող համատեղ գիտական աստիճաններ շնորհելու ծրագիր»:
Լաուրի Լայունեն շնորհակալություն հայտնեց համագործակցող կողմերին, ապա նշեց` երկու բուհերի համագործակցությունը թերևս կյանքի չկոչվեր, եթե չլիներ Օուլուի համալսարանի կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա-Լիզա Կորկեամակին:
Օուլուի ռեկտորը անկեղծացավ` եռամյա համագործակցության ընթացքում իրենք ևս եղել են սովորողի կարգավիճակում. օրինակ, Կրթության ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Վեսա-Մատտի Սարենիուսը ուսումնասիրել է հայոց լեզուն եւ հայկական մշակույթը: Ի դեպ, վերջինս ներկաներին ողջունեց հայերեն:
Հանդիպման ավարտին համագործակցող բուհերի ներկայացուցիչները փոխանակվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով: