Մանկավարժական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ բուհում հյուրընկալվել էին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» ծրագրի անդամները:
Ուսանողական խմբերի հետ աշխատանքի, մեթոդների կիրառման, մատուցվող նյութի արդիականության, ուսանողին դասապրոցեսում ներգրավելու և այլ հարցերի շուրջ կազմակերպված հանդիպման նպատակն էր ճշգրտել կենտրոնի նախորդ հետազոտության արդյունքներն ու հասկանալ` ինչու է հայ ուսանողի մոտ նկատվում սովորելու մոտիվացիայի անկում, իսկ դիպլոմ ստանալն էլ դառնում կրթություն ստանալու միակ դրդապատճառը:
Ուսումնասիրության առաջին թիրախը Մանկավարժական համալսարանն էր.ֆոկուս խմբում ընդգրկված Էին բուհի տարբեր ֆակուլտետների դասախոսներ:
Խոսելով ուսանողի առավել մոտիվացված լինելու շրջանի մասին` դասախոսները նկատեցին` 1-ին կուրսեցին դեռևս կախված է դպրոցական սեղանից, 2-3 կուրսն է որոշիչ, իսկ 4-րդ կուրսում ճամպրուկային տրամադրությունն է գերիշխում: Ներկաները վստահ են` մագիստարտուրան այն համակարգն է, որտեղ հավաքվում են սովորել ցանկացողներն ու ամփոփում ստացած գիտելիքը:
Բուհի ներկայացուցիչները, անդրադառնալով ուսանողների` դասընթացների ակտիվ կամ պասիվ մասնակցությանը, ցավով նկատեցին, այսօրվա սերունդը գիտելիք ստանալու գործում
պահանջատեր չէ, ինչն էլ հաճախ պայմանավորված է մասնագիտության` ոչ գիտակցված ընտրությամբ:
Քննարկման ընթացքում մասնագետներն անկեղծացան` ուսանողի սովորելու մոտիվացիայի նվազումը պայմանավորված է նաև դասախոսի կողմից սխալ ընտրված մեթոդներով, դրան խանգարում է նաև դասի անցկացումը ուսանողների մեծ խմբերով:
Ներկաներից շատերը վստահ են` սովորելու ձգտում առաջացնելու համար անհրաժեշտ են անհատական հանդիպումներ և հետադարձ կապ ուսանողների և դասախոսների միջև:Քննարկվեցին նաև պրակտիկայի անցկացման ձևաչափի փոփոխման, դրա ծավալի ընդլայնման անհրաժեշտության, հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության մասին:
Հանդիպման ընթացքում հնչեցին խնդրի հետ կապված հարցեր, կարծիքներ, առաջարկներ. ծրագրի երկրորդ փուլում «Ուսանողության ձայն»-ը կհանդիպի նաև ուսանողներին, որից հետո կամփոփվեն ծրագրի արդյունքները: