ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մի խուսափեք աշխարհը փրկող արտահայտություններից՝ ներողություն, խնդրում եմ, ես քեզ սիրում եմ»
19.12.2013
Այսօր Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում կազմակերպվել էր բաց-դաս՝ ամփոփելու մագիստրատուրայի 2-րդ կուրսի «Մանկավարժական հաղորդակցում» դասընթացը:
Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ Իզաբելլա Բաբայանի հանձնարարությամբ ուսանողներն ինքնուրույն աշխատանքով հիմնավորեցին դասընթացի կարևորությունը, նպատակն ու խնդիրները, գնահատեցին հաղորդակցման մշակույթի կիրառումը և մանկավարժական գործընթացում դրա կարևորությունը:
Պատկերային ներկայացումներ, բանավեճ, ավանդական և ինտերակտիվ մեթոդներով անցկացվող դասեր՝ մեկ դասաժամում, որի ընթացքում կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն և բնապահպանություն բաժինների ուսանողները ապացուցեցին՝ ճիշտ և գրագետ խոսքի կառուցումն ընկած է բոլոր մասնագիտությունների հիմքում:
Ապագա մանկավարժները բաց դասի ընթացքում հայտնեցին նաև քննությունների անցկացման վերաբերյալ իրենց տեսակետները. նրանց մի մասը դեմ է որոշ առարկաների գծով գրավոր քննությանը, իսկ որոշ ուսանողներ էլ պնդեցին՝ գրավոր քննության դեպքում բացառվում է դասախոսի կողմնապահությունը, բացի այդ, գրավոր խոսքը ավելի երկար է մտապահվում:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը ուրախությամբ նկատեց՝ բաց դասի ընթացքում ակնառու էր մագիստրոսների՝ խմբային աշխատանքի բարձր ունակությունները, որը արդյունավետ կլինի նաև իրենց մասնագիտական գործընթացում:
Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ Իզաբելլա Բաբայանն էլ հավելեց.«Մեր բուհում են կրթվում ապագա ուսուցիչները, որոնք հենց համալսարանում պետք է ձեռք բերեն իրենց գիտելիքների պաշարը աշակերտներին փոխանցելու հմտություններ և կարողություններ: Գիտակցելով դրա անհրաժեշտությունը՝ ուսանողները շատ հաճախ առաջարկում են բոլոր ֆակուլտետներում ներդնել խոսքի բանավոր զարգացման դասընթաց»:
«Խոսքը կարող է մարդ սպանել, քար ծակել, աշխարհը փրկել. 21-րդ դարի ուսուցիչը պետք է ոչ միայն կիրթ խոսի և նույնկերպ գրի, այլև իր առջև խնդիր դնի աշակերտներին սովորեցնել ճիշտ հաղորդակցվել»,-ասաց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աիդա Թոփուզյանը և ուսանողներին խորհուրդ տվեց չխուսափել աշխարհը փրկող երեք արտահայտությունները հաճախ կրկնելուց՝ ներողություն, խնդրում եմ, ես քեզ սիրում եմ: