Այսօր Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ն ամերիկացի հոգեբան, սոցիալական ուսուցման տեսության հեղինակ Ալբերտ Բանդուրայի 88-ամյակին
նվիրվածկազմակերպել էր հոգեբանի կյանքին ու գործունեությանը նվիրված ուսանողական գիտաժողով:
Հոգեբանի կենսագրությանը, մոդելավորման միջոցով ուսուցմանն անդրադարձավ Մանկավարժության և հոգեբանության բաժնի 2-րդ կուրսի մագիստրատրոս Աստղիկ Շահնազարյանը:
Վերջինս իր զեկույցում խոսեց սոցիալական ուսուցման, բաղադրիչների, վարքի մոդելավորման հիմքում ընկած նույնականության /նմանակման/ և կրկնօրինակման մեխանիզմների, երեխաների վարքի մոդելավորման մասին: Վերջին դրույթի հետ կապված ցուցադրվեց փոքրիկ տեսանյութ:
Նույն բաժնի մագիստրոս Ռուզաննա Մարգարյանը գիտաժողովում ներկայացրեց վարքի վրա արտաքին ներգործությունների կոգնիտիվ գործընթացները, վարքի պահպանման և ակտիվացման մոտիվացիան, արարքների իրականացման ելակետերը:
«Ինքնամոտիվացիայի ներգործության միջոցով անհատներն իրենք են դիտարկում իրենց վարքը` առաջ քաշելով նպատակներ»,-հավելեց ապագա հոգեբանը:

Պատկերային ներկայացումներով Մարիան Թումանյանը նկարագրեց ագրեսիայի էությունն ըստ Բանդուրայի: Խոսելով ագրեսիայի կրկնօրինակման մասին` մագիստրոսը նկատեց` համաձայն հեղինակի կողմից առաջադրված սոցիալ-վարքաբանական տեսությանը, մարդիկ ագրեսիվ վարքագիծ են յուրացնում ոչ միայն սեփական փորձի արդյունքում, երբ ագրեսիան ունենում է դրական արդյունք, այլև ուրիշների ագրեսիվ վարքը դիտելով կամ կրկնօրինակելով. «Ալբերտ Բանդուրան համարում էր, որ ընդօրինակումն ավելի քան հավանական է անչափահասների շրջանում, քանի որ նրանց սոցիալականացման գործընթացը դեռ ավարտված չէ, նրանց հայացքները, հույզերն ու վարքը դեռևս կայունացած չեն»:
Մարիան Թումանյանը մանրամասնեց ագրեսիայի կրկնօրինակման երևույթն ապացուցող գիտափորձը, ագրեսիվ վարքի առաջացման գործընթացի հիմքում Բանդուրասի առաջադրած 4 բաղադրիչները, ապա հանդես եկավ պրակտիկ եզրակացություններով:
Վարքի նախորդող դրդապատճառների մեկնաբանմամբ հանդես եկավ Զինվորական մանկավարժության և հոգեբանության բաժնի բակալավր Գրիշ Կորկոտյանը: Ապագա ռազմական հոգաբանը խոսեց աստմատիկ նոպաների, ագրեսիայի ձգանի, ինչպես նաև հեռացվող վախերի մասին:
«Պրոֆեսիոնալ չեն ծնվում, այլև դառնում են, իսկ գիտության մեջ հատկապես, պետք է լինել լավագույնը: Գիտաժողովը բավանդակալից էր և ուսուցանող.սա ևս մեկ քայլ էր զարգացնելու

մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները»,-ամփոփելով գիտաժողովի աշխատանքները նկատեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ռուզաննա Պետրոսյանը:
Ֆակուլտետի դեկանի` գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ Հակոբ Թադևոսյանն էլ ընդգծեց, որ հաջորդ անգամ անդրադառնալով հոգեբանների գործունեությանը ահրաժեշտ է շեշտադրել նրանց տեսական դրույթներն ու դրանց փորձարարական կիրառումը մեր օրերում:
Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Լևոն Սարգսյանը, ով համակարգել ու խմբագրել էր գիտաժողովում ներկայացված նյութերը, վստահ է` հոգեբան Բանդուրայի ուսմունքին ու գործունեությանը ծանոթանալը կնպաստի ուսանողների պրակտիկ գիտելիքների խորացմանն ու գիտականության զարգացմանը:
Ավարտին գիտաժողովի մասնակիցները, ֆակուլտետի դեկանն ու Լևոն Սարգսյանը ստացան շնորհակալագրեր: