ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամանորյա ուրախ մրցանակաբաշխություն
20.12.2013
Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում այսօր տիրում էր տոնական տրամադրությունը և լրագրողական մթնոլոտ. բեմում էին հեռուստալրագրության 2-րդ կուրսի ուսանողները՝«Ամանորյա

ուրախ մրցանակաբաշխություն» միջոցառմամբ:
Կուրսի նորեկներ գեղեցկուհի ու հմայիչ Սյուզաննա Թուսինյանի և համարձակ ու կրեատիվ Գուրգեն Ալեքյանի հանդիսավոր բացմամբ էլ մեկնարկեց ամանորյա համերգային ուրախ ծրագիրը: Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի սաները՝ երաժշտական պրոդյուսեր Նատալի Քարամյանի գլխավորությամբ, միջոցառումն ավելի տոնական դարձրին իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով:
Միջոցառման մասնակիցները ներկաների հետ միասին վերհիշեցին և վերապրեցին մանուկության և երիտասարդ տարիների հաճելի հիշողությունները` համապատասխան կատարումների միջոցով: Նրանք ներկաներին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուրի գիտակցության մեջ մնում են մանկական երազանքներն ու խենթությունները. և որ ոչինչ երբեք չի կարող փոխել մանկության հեքիաթը:
Համերգի ընթացքում ամփոփվեց նաև հեռուստալրագրության երկրորդ կուրսում նախապես անցկացված տոնական կես կատակ, կես լուրջ մրցանակաբախությունը. որտեղ յուրաքանչյուրն հանդիսավոր կերպով արժանացավ իր կոչմանը: Ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանին և կուրսի ղեկավար Դիանա Մարկոսյանին ուսանողները հանձնեցին շնորհակալագրեր՝միշտ իրենց կողքին լինելու և աջակցելու համար:

Մրցանակաբաշխության արդյունքում պարզ դարձան կուրսի այս տարվա լավագույն լրագրողները, ամենանորաձևը, ամենաժպտերեսը, ընկերասերը, բանաստեղծ-մտածողը, ասպետը և այլն: Համոզվելով, որ անվանակարգերում բաց տեղեր չեն մնացել, հաղորդավարները ընդգծեցին, որ մրցանակների արժանացածներն իրապես արժանի էին այդ կոչումներին: Իսկ վերջում, շնորհավորելով ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, բոլորին մաղթեցին հաճելի անակնկալներով լի նոր տարի:
Միջոցառման կազմակերպիչ Արթուր Գասպարյանն ասաց, որ իրենք էլ մինչ արձակուրդ գնալն այս կերպ են փորձում պատրաստվել տոներին, իսկ առաջին անգամ անցակցվող հետաքրքիր մրցանակաբաշխությունն էլ կլինի շարունակական:
Հաղորդավար Գուրգեն Ալեքյանն էլ նշեց, որ այս մրցանակաբաշխությամբ բացահայտեցին հեռուստալրագրության երկրորդ կուրսը ոչ միայն իրենց համար, այլ ողջ համալսարանի: Ի դեպ, Գոգեն Ալեքյանը նոր է վերադարձել հայկական բանակից եւ համալրել այս կուրսի շարքերը: