ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի խորհուրդն ամփոփեց ընթացիկ տարին
24.12.2013
Հայկական պետական մանկավարժական համալսարանում ՀՀ վարչապետ, բուհի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կայացավ համալսարանի խորհրդի տարեվերջյաննիստը:
Օրակարգի հաստատումից հետո` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես եկավ բուհի` 2013 թվականի ընթացքում Համալսարանում կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությամբ, ապա ներկայացրեց 2014 թվականի բյուջեի նախահաշիվը:
Ռեկտորը, մատնանշելով Ինֆորմատիկայի, Շախմատի և սպորտի, Օտար լեզուների դասավանդման ամբիոնների նոր մոտեցումները, նշեց` ընթացիկ տարում ևս բուհը կարևորել է ուսումնագիտական ուղղությունները:
Ռուբեն Միրզախանյանը նկատեց` վերանայվել են ամբիոնների ուսումնական ծրագրերը, բոլոր մասնագիտությունների գծով քառապատկվել և նոր սկզբունքով է իրականցվել օտար լեզուների դասավանդումը, մեկուկես տարվա ընթացքում ստեղծվել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած 3 ընթերցասրահ, որը հնարավորություն է տալիս օգտվել նաև էլեկտրոնային գրականությունից, իսկ առաջիկայում կվերակառուցվի 1957 թվականին հիմնադրված հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան:
Խոսելով միջազգայնացման գործընթացի մասին` Ռուբեն Միրզախանյանը նկատեց` Եվրոպայում մանկավարժական կադրեր պատրաստող լավագույն` Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համագործակցությունն ու կրթական ոլորտում փոխըմբռնման հուշագիրը կնպաստի մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացում որդեգրել նոր մոտեցումներ.«Կրթական համակարգի և բարձրագույն դպրոցի զարգացումը երկրում պայմանավորված է միջազգայնացմամբ. դա թեպետ երկարատև,սակայն իրատեսական գործընթաց է»,-հավելեց ռեկտորը:
Մանկավարժականի ռեկտորը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է մի շարք առարկաների ռուսալեզու ուսուցում. դա հնարավորություն կտա ՌԴ-ն քաղաքացիներին ևս կրթություն ստանալ Մանկավարժականում. գործընթացին կնպաստի նաև երկու երկրների միջև առկա միջպետական համաձայնագիրն ու դիպլոմների փոխճանաչումը:
Անձնակազմի թվաքանակի և կառուցվածքի մասին խոսելիս` ռեկտորը նկատեց` դասախոսները կազմում են համալսարանի աշխատակիցների գերակշիռ մասը.նրանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու փոխարեն այսուհետ նախապատվությունը տրվելու է մրցույթով ընտրությանը:
Անդրադառնալով համախառն եկամտի և աշխատավարձի ֆոնդի դինամիկայի փոխկապակցվածությանը` Ռուբեն Միրզախանյանը ընդգծեց` վարչապետի հանձնարարականով 2013թվականի հունվարի 1-ից 40 տոկոսով բարձրացվել է դասախոսների աշխատավարձը:
Համալսարանի ռեկտորի տեղեկացմամբ՝ 2013 թվականին ուսանողների ուսման վարձավճարը չի բարձրացել.այն նույնը կմնա նաև գալիք ուսումնական տարում:
Զեկուցմանը վերաբերող հարցադրումներով հանդես եկավ Խորհրդի անդամ, ԿԱԻ փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Վերջինս առաջարկեց ձեռք բերել ուսումնական լաբորատորիաներ և համալսարանում կազմակերպել հանրակրթական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստում:
Ռեկտորը տեղեկացրեց, որ ԾԻԳ-ը հնարավորություն է տվել և առաջիկայում համալսարանը տարբեր առարկաների գծով ձեռք կբերի լաբորատորիաններ.այդ կառույցները կգործեն նաև համալսաանի բազային դպրոցում:
Պատասխանելով շրջանավարտների աշխատանքի տեղավորման վիճակագրության վերաբերյալ հարցին` ռեկտորը նշեց, որ լավագույն շրջանավարտների մի մասն աշխատանքի է անցնում համալսարանի ուսումնաօժանդակ կազմում: Շրջանավարտներին դպրոցներում աշխատանքի տեղավորելը շարունակում է խնդիր մնալ, սակայն կան նաեւ առաջարկներ, մասնավորապես Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը դիմել է Մանկավարժականին՝ խնդրելով ուսուցիչներ դպրոցի համար:
ԿԱԻ փոխտնօրենը խոստովանեց` Մանկավարժական համալսարանում լուրջ քայլեր են արվում կրթության գործն առավել լավ կազմակերպելու ուղղությամբ:
Հաշվետվության շուրջ ելույթ ունեցան Խորհրդի անդամներ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը և Լավրենտի Բարսեղյանը:
Վերջիններս գոհունակությամբ խոսեցին համալսարանում ընթացիկ տարում իրականացված բարեփոխումների մասին:
Խորհուրդը բավարար գնահատեց համալսարանում 2013 թվականի կատարված աշխատանքներն ու հաստատեց 2014 թվականի բյուջեի նախահաշիվը: