Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի այս տարվա վերջին նիստը: Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես եկավ 2013 թվականին
կատարված աշխատանքների հաշվետվությամբ: Խոսելով բուհի միջազգայնացման և ուսումնական գործընթացում կատարված փոփոխությունների մասին` Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ սխալ է ընդօրինակել արտասահմանյան փորձը. ցանկացած բարեփոխման դեպքում անհրաժեշտ է հիմվել ազգային ավանդույթների վրա:
Անդրադառնալով Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համագործակցությանը` Մանկավարժականի ռեկտորը նկատեց` այն իր արդյունավետությամբ աննախադեպ էր, քանի որ դրականորեն անդրադարձավ պրակտիկայի կազմակերպման և մանկավարժական գործընթացի վրա:
Ռուբեն Միրզախանյանը խնդրահարույց համարեց մագիստրոսական կրթության կազմակերպումն ու ներկաներին հիշեցրեց բուհի որդեգրած քաղաքականությունը` կրթական երկրորդ աստիճանը չպետք է դառնա առաջինի կրկնությունը.այն պետք է լինի առավել բովանդակալից և ուսումնական գործընթացի բարձր մարկարդակում:
Գիտական խորհրդի նախագահն իր ելույթում խոսեց նաև բուհի կազմում գործող հիմնական և ավագ դպրոցների գործունեության մասին: Նա վստահեցրեց` գործողությունների ճիշտ կազմակերպման արդյունքում դպրոցները կդառնան լավագույնը` հանրակրթական հաստատություններում:
Համալսարանի ռեկտորի տեղեկացմամբ՝ 2013 թվականին ուսանողների ուսման վարձավճարը չի բարձրացել.այն նույնը կմնա նաև գալիք ուսումնական տարում:
Գիտխորհրդի նիստի ընթացքում ռեկտորը ներկայացրեց ընդհանուր և 1-ին կուրս ընդունված ուսանողների թվաքանակի դինամիկան` ըստ ուսումնական տարիների, 2013 թվականի բարձրագույն կրթության վճարովի համակարգից ձևավավորված համախառն եկամուտը` ըստ ֆակուլտետների տոկոսային բաշխվածությամբ, 2012թվականի անձնակազմի թվաքանակը և կառուցվածքը, համախառն եկամտի և ուսանողների թվաքանակի եկամտի և աշխատավարձի ֆոնդի, ինչպես նաև ծախսերի և աշխատավարձի շարժը` 2008-2013թվակններին:
Իր ելույթի ավարտին` Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորը`մաղթելով կյանքի բոլոր ոլորտներում
ձեռքբերումներով լի տարի:
Հեռակա ուսուցման համակարգում ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցի փոփոխության մասին զեկուցեց պրոռեկտոր Տիգրան Այվազյանը:Վերջինս ներկայացրեց ՀՊՄՀ-ում հեռակա ուսուցման կազմակերպման հեռավար դասավանդման նոր մոտեցումները, կրթական ծրագրերի բովանդակությանը և տևողությանը վերաբերող խնդիրները, դեկանատների և ամբիոնների գործառույթները: Համաձայն նոր մոտեցումների` հեռակա ուսուցում ստացող սփյուռքահայ ուսանողն այսուհետ հնարավորություն կունենա 160 ակադեմիական դասաժամը յուրացնել մեկանգամյա այցելությամբ: Ուսումնական պլանով նախատեսված մնացած ժամաքանակը կկատարվի էլեկտրոնային տարբերակով` ինտերնետային ցանցով: Ֆակուլտետի և ուսանողի միջև կապը կապահովվի էլեկտրոնային փոստի միջոցով:
Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանն անդրադարձավ բազային և թեմատիկ ֆինանսավորման ծրաագրերի շրջանակներում իրականացված գիտական աշխատանքներին:
Նա խոսեց համալսարանի դասախոսների տպագրած աշխատանքների դինամիկայի, համալսարանում հրատարակվող գիտական հանդեսների մասին: Ի դեպ, այս տարվա նորույթը «Իմաստություն» հանդեսն է, որի հեղինակը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանն է:
Կամո Վարդանյանը ներկայացրեց 2013 թվականին իրականացված միջազգային գիտաժողովների և կոնֆերանսների ցանկը, կատարեց կրթության ոլորտի ընթացիկ վիճակի համալիր վերլուծություն և ներկայացրեց Հոգեբանական գիտահետազոտական, Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի, Ընդհանուր մեթոդաբանության և մանկավարժական նորարարական լաբորատորիաների աշխատանքները:
Անդրադառնալով ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում սովորողների ուսումնահետազոտական կարողությունների ձևավորման մանկավարժական պայմաններին` Գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները:
Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի ներկայացմամբ՝ գիտխորհրդի անդամները հաստատեցին գիտական 5 թեմաներ, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների տպագրությունը:
Ուսումնամեթոդական վարչության պետ Մհեր Մելիք-Բախշյանի ներկայացմամբ էլ սահմանվեցին չորս նոր անվանական կրթաթոշակներ՝ Մխիթար Գոշի /Պատմության և իրավագիտության ֆակուլետ/, Արսեն Մինասյանի /Հատուկ կրթության ֆակուլտետ/, Աշոտ Տեր-Գրիգորյանի /Սկզբնական կրթության ֆակուլտետ/, Բորիս Անանևի /Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ/:
.jpg)