ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ «Լավագույն ընթերցող»-ը հեռակա բաժնի ուսանող է
25.12.2013
Հոգևորականի օրհնություն, մաղթանքների տարափ, վկայականներ և նվերներ. այսպես Մանկավարժական համալսարանում մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած և չորրորդ տարին անցկացվող «Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությունը:
Բուհի հազարավոր ընթերցողներից ընտրվել են համալսարանի յուրաքանչյուր ֆակուլտետի մեկական ուսանող և ՀՊՄՀ հենակետային վարժարանի մեկ աշակերտ, որոնք ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ցուցաբերել են ամենաբարձր ցուցանիշ՝ գրադարանից օգտվելով 100-ից ավելի անգամ: Հաղթողներին շնորհավորեցին և մրցանակներն ու վկայականները հանձնեցին ֆակուլտետների դեկաններն ու տեղակալները:
«Գրադարանը հոգու առողջարան է»,-ևս մեկ անգամ հիշեցրեց Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը՝ ուրախությամբ նշելով, որ լավագույն ընթերցողների թիվը տարեցտարի մեծանում է. գիրքը շարունակում է շատերի համար մնալ որպես գիտելիքները հարստացնելու, աշխարհայացքն ընդլայնելու կարևորագույն գործոն:
Տիգրան Պետրոսյանցը այս տարվա մրցանակաբաշխությունն աննախադեպ համարեց. առաջին անգամ բուհի լավագույն ընթերցողը հեռակա բաժնի ուսանող է. 350-ից ավելի գրքերի ընթերցումներով ընթերցասերներին առաջնորդում է Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Գյուրունյանը:
Ի դեպ, նման արդյունքով վերջինս գերազանցում է նաև նախորդ տարիների լավագույններին:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Տիգրան Պետրոսյանցին նման միջոցառում կազմակերպելու համար՝ նշելով, որ գիտության և տեխնիկայի զարգացման դարաշրջանում այն ուսանողների մոտ ձևավորում է գրքի պաշտամունքի մշակույթ:
«Չնայած միջոցառումը բացահայտում է բուհի լավագույն ընթերցասեր ուսանողներին, սակայն առավել շատ ուղղված է գրքի փառաբանմանը: Գիրքը ավելին է քան ինֆորմացիայի աղբյուր. այն հարստություն է և կազմերի մեջ թաքնված գանձ»,- նշեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Արթուր սարկավագը՝ կոչ անելով ներկաներին՝ շարունակ փնտրել և գտնել գրքերում թաքնված նոր գանձեր:
Արդեն երկրորդ տարին «Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությանը վկայականներ և մրցանականեր են ստանում նաև ամենաշատ ընթերցված հեղինակները: Ընթացիկ
տարում ուսանողները գրադարանից օգտվելիս առավել շատ՝ 21 350 անգամ պահանջել են հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հեղինակային գրքերը. 7000 անգամ ցուցանիշով երկրորդ տեղում սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Յուրի Գասպարյանն է: