ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական խորհուրդն ամփոփեց 2013-ը
26.12.2013
Օրերս Կուլտուրայի ֆակուլտետում կայացավ ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովը: ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը ողջունեց ուսանողներին, ապա ներկայացրեց ընթացիկ տարում կատարված աշխատանքները, խոսեց նվաճումների ու ձեռքբերումների մասին:
Ներսիկ Մարգարյանն առանձնապես կարևորեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից ստացած հուշամեդալը, առաջին կուրսի ուսանողների` լողի դասընթացների հաճախելը, բուհի պարային խմբի Լիտվա կատարած այցն ու Ուսանողական խորհրդի կայքէջի ստեղծումը:
Նիստի ընթացքում տեղի ունեցան ընտրություններ. Ուսանողական խորհրդի Որակի ապահովման գծով օգնական առաջադրվեց և ընտրվեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատրոս Էդիկ Գուլյանը:
Ուսանողական կառույցի ներքին աշխատանքների համակարգող առաջադրվեց և ընտրվեց Կրթության հոգեբանության և սոցիոլագիայի ֆակուլտետի մագիստրատրոս Վրեժ Ղազարյանը:
Բանավեճ, ինտելեկտուալ խաղեր, լող, տղաների և աղջիկների վոլեյբոլ և բասկետբոլ, շախմատ, ֆուտբոլ. ինտելեկտուալ և սպորտային խաղերին մասնակցած շուրջ 130 ուսանողի Ներսիկ Մարգարյանը հանձնեց պատվոգրեր և հաղթական գավաթներ:
Ֆուտբոլի առաջնությունում հաղթած ուսանողներին պատվոգրեր և մեդալներ հանձնեց Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ Սուրեն Բարսեղյանը:
Ի դեպ, ֆուտբոլի աղջիկների առաջնությունում հաղթած ուսանողները Մանկավարժական համալսարանի ռեկտորատի կողմից ստացել էին նաև դրամական պարգևներ:
Պատվոգրերի հանձման արարողությունից հետո ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանն ու փոխնախագահ Դավիթ Ալեքսանյանը հատուկ մրցանակներ հանձնեցին մի շարք անվանակարգերում:
ՀՊՄՀ ՈւԽ-ում երկար տարիներ ծավալած գործունեության և ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվեցին Տիգրան Կարապետյանը, Լուսինե Փիրոյանը, Վարազդատ Եղիազարյանը, Աստղիկ Շահվերդյանը: «Լավագույն հանձնաժողով» ճանաչվեց Շախմատի, սպորտի և առողջ ապրելակերտի հանձնաժողովը, «Լավագույն ակումբ» անվանակարգում` Ինտելեկտուալ հանձնաժողովն էր, «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ»-ը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ՈՒԽ-ն էր, իսկ «Լավագուն ուսանողական խորհրդի նախագահ» տիտղոսին արժանացավ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Տիգրան Խաչատրյանը:
ՈւԽ ժողովին հաջորդեց տոնական համերգային միջոցառումը. Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների շնորհալի ուսանողներն իրենց երգով, պարով ու ասմունքով շնորհավորեցին բոլոր մրցանակակիրներին:
Անակնկալներով լի տոնական երեկոն շարունակվեց բուհի շուրջ 600 ուսանողների մասնակցությամբ: Սա ևս մեկ նախաձեռնություն էր, որով ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը փորձեց առավել հետաքրքիր և հաճելի դարձնել ուսանողների առօրյան` խոստանալով, որ դրանք կլինեն շարունակական: