ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բանավեճի ակումբը ամփոփեց ներֆակուլտետային մրցաշարի արդյունքները
28.12.2013
Սկզբնական կրթության ֆակուլտետի Բանավեճի ակումբում դեկտեմբերը նշանավորվեց ներֆակուլտետային մրցաշարով, որի շրջանակներում ողջ ամսվա ընթացքում կազմակերպվեցին սեմինարներ և ակումբ հրավիրվեցին տարբեր ոլորտների փորձագետներ:
Քննարկումների ընթացքում փորձագետները բանավեճի ակումբի ուսանողներին ծանոթացրել են իրենց ոլորտներում առկա խնդիրներին, բացասական և դրական կողմերին: ՀՀ Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, Ապրանքների և ծառայությունների որակի վերլուծության պատասխանատու, քիմիկոս, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը ուսանողների հետ հանդիպման ընթացքում խոսել է Հանրապետությունում մանակական խաղալիքների անվտանգության մասին՝ ոլորտում առկա խնդիրները։
Մրցաշարի շրջանակներում Բանավեճի ակումբը հյուրընկալել է նաև Բնապահպանության տեղեկատվության հասարակական կենտրոնի փորձագետ Գալուստ Նանյանին:
«Հանքարդյունաբերությունը վնասում է ՀՀ էկոհամակարգը» թեմայով քննարկման ընթացքում փորձագետը ներկայացրեց փակ և բաց եղանակով հանքերի շահագործման դրական և բացասական կողմերը, բնապահպանական և առողջապահական խնդիրները, ամբողջ աշխարհում հանքերի շահագործման ընդունված չափանիշները:
Ի դեպ, Բանավեճի ակումբի հիմնադիր-ղեկավար Լիանա Չոբանյանը armspu.am-ի հետ զրույցում նշեց, որ ներֆակուլտետային մրցաշարի շրջանակներում վերոնշյալ թեմաների շուրջ կազմակերպվել են բանավեճեր՝ ուսանողներին հնարավորություն տալով առավել մանրամասն ու տարբեր տեսանկյուններից դիտարկել հիմնախնդիրները:
Անդրադառնալով արդյունքներին՝ Լիանա Չոբանյանը հավելեց, որ մրցաշարին մասնակցել են Սկզբնական կրթության ֆակուլտետի 4 բաժինների 2-րդ կուրսի՝ բանավեճի ակումբում գրանցված և թիմերում ընդգրկված ուսանողները. հաղթող թիմերը անցել են կիսաեզրափակիչ և առաջիկայում միմյանց հետ կմրցեն եզրափակչում: