Մատենադարանի նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ մամուլի տարեվերջյան ամփոփիչ
.JPG)
ասուլիսով: Շուրջ երեքուկես ժամ տևած ասուլիսին մասնակցում էին ավելի քան 50 ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ և լրագրողներ, այդ թվում` ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակազմն ու բուհի հեռուստառադիոլրագրության, օտար լեզվի բաժինների ուսանողները:
Կառավարության ղեկավարը ողջունեց այն, որ ասուլիսին ներկա են ոչ միայն հայտնի ու փորձառու, այլև ապագա լրագրողներ, որոնց համար սա լավ հնարավորություն է ավագ գործընկերներից սովորելու, լրագրողի աշխատանքին և նմանատիպ միջոցառումների անցկացմանը ծանոթանալու համար:
Ասուլիսի ընթացքում Տիգրան Սարգսյանը պատասխանեց քաղաքական, տնտեսական, գիտակրթական և այլ ոլորտների շուրջ 5 տասնյակ հարցերի:
Վարչապետը նկատեց ` աղքատության դեմ պայքարի լավագույն լուծումը գիտելիքն է, կրթության հասանելիությունը.«Սոցիալական քաղաքականության մեջ արմատական փոփոխություններից մեկն այն է, որ ֆինանսական միջոցների բացակայությունը չի կարող խոչընդոտել երիտասարդի` միջնակարգ, մասնագիտական, բարձրագույն կրթություն ստանալուն: Եթե աղքատ ընտանիքի երիտասարդն ընդունվում է բուհ, ապա պետությունը երաշխավորում է, որ նա կարող է կրթություն ստանալ: 2014 թվականի համար արդենիսկ 4,5 հազար երիտասարդների պետական բյուջեից հատկացվել են ֆինանսական միջոցներ` ուսումը հասանելի դարձնելով բոլորի համար»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Մաքսային միությանն անդամակցելուց հետո հնարավո՞ր է, որ վերանայվի կրթական համակարգը և 12-ամյա կրթությունը փոխարինվի 11-ամյա կրթությամբ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, վարչապետը պատասխանեց.«Ավագ դպրոցների հայեցակարգը, եթե չեմ սխալվում, 10 տարի առաջ ներկայացվեց հանրության դատին. 11,12-ամյա, ավագ դպրոցներ. արդեն բավական երկար ժամանակ այս հարցը դարձել է բուռն քննարկումների առարկա: Հաշվի առնելով այն, որ մենք ունենք 1400-ից ավելի միջնակարգ դպրոցներ, չենք կարող կրթական բարձր մակարդակ ապահովել բոլոր միջնակարգ դպրոցներում և ներդնել կրթական այնպիսի չափանիշներ, որ երեխան դպրոցն ավարտելուց հետո միանգամից բուհ ընդունվի: Եվրոպական փորձը ևս վկայում է ավագ դպրոցների համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին, որոնք պետք է զինված լինեն համապատասխան լաբորատորիաներով, ունենան բարձր կարողություններով ուսուցիչներ և կրթական այնպիսի նորմեր, որոնք պահպանելու դեպքում հնարավոր կլինի հստակ երաշխավորել, եթե երեխան ավարտել է ավագ դպրոցը, ապա նա մեխանիկորեն կկարողանա բուհ ընդունվել»:
Տիգրան Սարգսյանը նկատեց` ավագ դպրոցի ռեֆորմը դեռևս չի հասցվել իր տրամաբանական ավարտին, որովհետև այն պահանջում է լրացուցիչ ֆինանսական մեծ ներդրումներ: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց Կառավարության որդեգրած քաղաքականությունը`բուհ ընդունվելը պետք է լինի հեշտ, ավարտելը` դժվար:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորը` մաղթելով համերաշխություն և հաջող տարի: Կառավարության ղեկավարը ընդգծեց` լրագրողները զբաղվում են չափազանց պատասխանատու գործով` իրենց գործունեությամբ նպաստելով երկրի զարգացումներին և հասարակության բարեկեցությանը:
Վարչապետը հորդորեց ներկաներին լցվել լավատեսությամբ, իսկ սկսնակ լրագրողներին խորհուրդ տվեց մշտապես հաղորդել միայն ճշգրիտ տեղեկատվություն, տարածել բարություն և երբևիցե չդառնալ պատվերով նյութերի հեղինակ: