Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում ամփոփվեցին շարունակական պրակտիկայի պիլոտային /փորձնական/ ծրագրի արդյունքները: 2-րդ կուրսի 2-րդ
.jpg)
կիսամյակում մեկնարկած և 3-րդ կուրսի 1-ին կիսամյակում ավարտված շուրջ մեկ տարի տևողությամբ պրակտիկան անցկացվում էր ՀՊՄՀ-ի հենակետային (ավագ դպրոց) վարժարանում:
Պրակտիկան ղեկավարում էին դասախոսներ Անահիտ Մինասյանը, Ծովինար Մկրտչյանն ու Սուսաննա Ջանիկյանը. ծրագրին մասնակցում էին ֆակուլտետի աշխարհագրության բաժնի ուսանողները:
Պիլոտային ծրագրի հիմնական նպատակն էր մշակել և կատարելագործել ուսանողների պրակտիկ գործունեության կազմակերպման այնպիսի ձևավաչափ, որի շնորհիվ հնարավոր կլիներ լիարժեք ճանաչել դպրոցը, այնտեղ կազմակերպվող ուսումնադաստիարակչական գործընթացը, հոգեբանամանկավարժական հիմքերը, ինչպես նաև սովորեցնել կատարել դիտարկումներ և հետազոտություններ:
Ուսանողները, նախ ծանոթացան դպրոցի կառուցվածքին, ներքին կանոնակարգին, ուսումնադաստիարակչական միջոցառումներին, ապա սովորեցին պլանավորել սեփական անհատական և խմբային գործունեությունն ու իրականացնել դրանք:
.jpg)
Ապագա աշխարհագետները մեծ ակտիվությամբ մասնակցեցին նաև ՀՊՄՀ-ի հենակետային (ավագ դպրոց) վարժարանում կազմակերպված միջոցառումներին, մասնակի օգնություն ցուցաբերեցին կազմակերպչական հարցերում:
Պրակտիկայի երկրորդ հատվածում ուսանողներն ինքնուրույն կազմակերպեցին արտադպրոցական տարատեսակ ձեռնարկներ` խաղ-վիկտորինաներ, էքսկուրսիա ՀՊՄՀ թանգարան և ընթերցասրահ, Երևանի բնության թանգարան, մոդելավորեցին, մեթոդմիավորման նիստ, որում դերային խաղի սկզբունքով բաշխեցին պաշտոնները, մշակեցին պլանն ու անցկացման կանոնակարգը, առաջադրեցին խնդիրներ, նշեցին լուծման ուղիներն ու հաստատեցին կատարման ժամանակացույցը:
Պրակտիկ աշխատանքի արդյունքները ստուգման ներկայացվեցին թղթապանակի և պատկերային ներկայացումների ձևով:
Ուսանողները պրակտիկայի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն առաջիկայում կկիրառեն ծրագրի հաջորդ՝ դասավանդան փուլին, որը կանցկացվի 3-4-րդ կուրսերում: Ապագա աշխարհագետներն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին, վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանին, նկատելով` պրակտիկայի ողջ ընթացքն անցավ կառուցողական մթնոլորտում և մեծ նշանակություն ունեցավ գործնական կարողությունների ձևավորման գործում:
Ի դեպ, պրակտիկայի ողջ ընթացքում ծրագրի աշխատանքներին հետևում էին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը, Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանն ու Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ներկայացուցիչները: