ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը կաջակցի Եվրամիության ծրագրին
20.01.2014

Օրերս «Հայաստանի միգրացիոն կառավարման կարողությունների ամրապնդում՝ կիզակետում պահելով վերաինտեգրմանն ուղղված գործողությունները» ծրագրի շրջանակներում Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու Եվրոպական միության «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոն ստորագրեցին պայմանագիր:

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող վերոնշյալ ծրագրի միջոցով Հայաստան վերադարձած մեծահասակների և երեխաների համար Մանկավարժական համալսարանում կկազմակերպվեն մայրենիի դասընթացներ, որոնք կվարեն բուհի դասախոսները. դրանք կնպաստի վերադարձածների ինտեգրմանն ու մշակութային կապերի ամրապնդմանը:
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը armspu.am-ի հետ զրույցում նկատեց` Մանկավարժական համալսարանն ունի բոլոր ռեսուրսներն ու փորձառություն` աջակցելու Հայաստան կամավոր վերադարձողների լեզվական անջրպետի հաղթահարմանն ու համապատասխան օգնություն ցուցաբերելուն:
Նշենք, որ Եվրամիության ֆինանսավորմամբ և 3 տարի ժամկետով իրականացվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի նպատակն է աջակցել արժանապատիվ կայուն վերադարձի և վերաինտեգրման գործընթացին, կամավոր կամ իրենց կամքին հակառակ հայ ազգի ներկայացուցիչների սոցիալական և տնտեսական վերաինտեգրմանը, դյուրացնել օրինական միգրացիայի հնարավորություններն ու ամրապնդել միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալական զարգացման վրա: