ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկում՝ հայկական առաջին պլանշետների պարտադիր կիրառման շուրջ
31.01.2014
Մանկավարժական համալսարանը Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ հյուրընկալել էր կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու դասվարների վերապտրաստումն ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը առաջիկա ուսումնական տարում:
Քննարիվեց հայկական արտադրության՝ Armtab առաջին պլանշետների կիրառման ձևերը, արդյունավետությունն ու ծրագրային հնարավորություններ:
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը ներկայացրեց հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների տեխնիկական հնարավորությունները, դրա՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու և մի շարք երկրներում ընկերության արտադրանքի հաջողությունները:
«Այս պլանշետները որակապես չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշներին. տեխնիկան կարող է լինել եղածների մեջ լավագույնը, սակայն կարևոր է դրա արդյունավետ և ճիշտ կիրառումը»,-նշեց Վահան Շաքարյանը՝ ընդգծելով՝ պրոցեսը պետք է սկսել ուսուցիչների վերապատրաստումից:
Քննարկման ընթացքում պլանշետներով ուսուցման ձևերը, փորձն ու անհրաժեշտությունը ներկայացրին Հայաստանի
վիրտուալ համալսարանի ղեկավար Երվանդ Զորյանն ու տնօրեն Հասմիկ Խալափյանը: Վերջինս անդրադարձավ հայկական կրթության ոլորտի օնլայն նոր հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրեց ՀՎՀ-ի առաջարկած դասընթացները:
«Վիրտուալ ուսուցման շնորհիվ աշակերտները սովորում են կարդալ, գրել, խոսել և հասկանալ»,-վստահեցրեց Երվանդ Զորյանն ու կրթության ոլորտի պատասխանատուներին կոչ արեց՝ ծրագրի մեկնարկից առաջ ուսումնասիրել միջազգային հաջողված փորձը, որն էլ կապահովի արդյունավետ սկիզբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հիմնախնդրի հետ կապված մի շարք այլ հարցեր. Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողամոնյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խմբեր՝ ծրագրային մի շարք հարցեր Կրթության և գիտության նախարարության հետ համապատասխանեցնելու համար: