Հասարակական կարգի պահպանում, վարձատրություն, գերհագեցած առօրյա՝ ուսման հետ միաժամանակ. այսպիսին է Ոստիկանության զորքերում թափուր աշխատատեղերը լրացնելու
համար ուսանողների ներգրավվածության պայմանները:
Ուսանողներին ծառայությանն առավել մանրամասն տեղեկացնելու համար այսօր Մանկավարժականում էին Ոստիկանության զորքերի № զորամասի հասարակական կարգի պահպանման երկրորդ և երրորդ գումարտակների հրամանատարների՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներ, մայորներ Արայիկ Ալոյանն ու Անտոն Ասրյանը:
Վերջինս Պատմության և իրավագիտության ֆակուլտետի հեռակա համակարգում սովորող ուսանողներին ներկայացրեց ծառայության բնույթը, խնդիրները, ինչպես նաև Կառավարության կողմից համակարգի աշխատողներին տրվող առավելությունները՝ սոցիալական փաթեթ, առողջապահական ոլորտում անվճար բուժօգնություն և այլ ծառայություններ:

Անդրադառնալով ոստիկանության համակարգում իրականացվող ներկայիս բարեփոխումներին՝ մայոր Ասրյանը հիշեցրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ բարեկիրթ ոստիկան ունենալու պահանջը և հավելեց. «Ներկայումս էլ մեր զորամասում ծառայում են այս բուհի բազմաթիվ ուսանողներ, որոնք իրենց վարքով և գիտելիքներով ապացուցում են՝ քաղաքացին ոստիկանի կողքին պետք է իրեն ապահով զգա»:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը կարևորեց բուհի կապը իրավապահ մարմինների, Պաշտպանության նախարարության հետ՝ ընդգծելով, որ այդկերպ որոշակիորեն լուծվում է նաև ուսանողների աշխատանքի ապահովման հարցը:
Ֆակուլտետի դեկանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց հատկապես այն հանգամանքին, որ ուսանողները սովորում են կրեդիտային համակարգում, ինչն էլ որոշակի դժվարություններ է ստեղծում ծառայության ընթացքում ուսանող-բուհ- աշխատավայր շղթայում:
Ոստիկանության ներկայացուցիչները ներկաներին հրավիրեցին զորամաս՝ տեղում ծանոթանալու ընդունելության կարգին, ծառայության պայմաններին, նրանց առօրյային:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: