ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համալսարանների կառավարման աջակցության ծրագրին կարող է մասնակցել նաև ՀՊՄՀ-ն
05.02.2014

Կարնեգի Քորփորեյշնի Նյու Յորքի գրասենյակի նախնական աջակցությամբ «Այռեքս» կազմակերպությունը մշակել է «Համալսարանների կառավարման աջակցության ծրագիր» (ՀԿԱԾ), որի նպատակն է աջակցել Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Գանայի, Տանզանիայի, Ուգանդայի և Ուկրաինայի մի շարք հանրային համալսարաններում վարչական աշխատանքների բարելավմանը:

Ծրագիրը սահմանել է նաև համալսարանների կառավարման կրթաթոշակներ. «Այռեքս»-ը մրցութային հիմունքներով տրամադրում է կարճաժամկետ կրթաթոշակներ, որոնք հնարավորություն են տալիս համալսարանների վարչական ստորաբաժանումների միջին և բարձր պաշտոններ զբաղեցնող աշխատողներին շուրջ ութ շաբաթ Միացյալ Նահանգների առաջատար պետական համալսարաններում կատարել հետազոտություններ և աշխատել համալսարանների կառավարման որևէ կոնկրետ ոլորտին առնչվող նախագծերի մշակման վրա:
Միացյալ Նահանգներում մասնակիցներին կհանձնարարվի մշակել կառավարման հնարավոր խնդիրների հայեցակարգ, ինչը հետագայում կուղղորդի մասնակիցներին և նրանց գործընկերներին իրենց համալսարաններում բարեփոխումների ծրագրեր իրականացնելիս:
Հայեցակարգերը հետագայում կհրապարակվեն և կներկայացվեն ծրագրին մասնակից համալսարաններում:
Փորձնական դրամաշնորհային ծրագրեր: Համալսարանների կառավարման ծրագրի մասնակիցները վերադառնալուց հետո հնարավորություն կունենան դիմել հետծրագրային փոքր դրամաշնորհային ծրագրերին` օժանդակելու իրենց երկրի համալսարաններում վարչական բարեփոխումներին:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: Դիմորդները պետք է դիմելու պահին և ծրագրին մասնակցելու ողջ ընթացքում լինեն Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Գանայի, Տանզանիայի, Ուգանդայի կամ Ուկրաինայի քաղաքացիներ և բնակվեն այդ երկրներում, հանձնեն ամբողջապես լրացված հայցադիմումը` բոլոր պահանջվող փաստաթղթերի հետ մեկտեղ մինչ հայցադիմումների հանձնման վերջնաժամկետը, տիրապետեն գրավոր և բանավոր անգլերեն լեզվին` Միացյալ Նահանգներում գործընկերների հետ ազատ հաղորդակցվելու և աշխատելու համար, համապատասխանեն J-1 վիզայի պահանջներին, կարողանան մասնակցել ութշաբաթյա կրթաթոշակային ծրագրին: Ի դեպ, այն կանցկացվի 2014թվականի աշնանը կամ 2015թվականի ձմռանը:
Դիմողները պետք է պատրաստ լինեն ԱՄՆ-ում գտնվելու ժամանակահատվածում հետազոտություններ կատարելու և համալսարանի վարչական կառավարման բարեփոխումների հայեցակարգ գրելու համար, համալսարանում զբաղեցնեն պրոռեկտորի, դեկանի, փոխդեկանի, ամբիոնի վարիչի կամ դրանց համարժեք, լրիվ դրույքաչափով պաշտոններ կամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ունենան համարժեք կառավարման ոլորտին առնչվող պաշտոն` ներգրավված լինելով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների գործընթացում:
Վերոհիշյալ պայմաններին չբավարարող հայցադիմումները չեն դիտարկվի:
«Այռեքս» կազմակերպության ներկայիս աշխատակիցները և իրենց ընտանիքի անդամները չեն կարող մասնակցել Այռեքսի կողմից իրականացվող որևէ դրամաշնորհային ծրագրերի և´ որպես անհատ դիմորդ, և´ որպես դիմորդի համալսարանը ներկայացնող պատասխանատու անձ:
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ: «Համալսարանների կառավարման աջակցության ծրագրի» համար ներկայացրած հայցադիմումները կդիտարկվեն հետևյալ չափորոշիչների հիման վրա.
Մասնակցի զբաղեցրած պաշտոնի համապատասխանությունը ընտրված թեմայի իրականացման և զարգացման համար
ընտրված թեմայի համապատասխանությունը համալսարանի ղեկավարման առաջնային խնդիրներին կամ նախարարության գործունեությանը
դիմորդի կառավարման ոլորտում ունեցած փորձը
հայցադիմումի հարցերին մանրամասն և համապատասխան պատասխաններ տալը
անկաշկանդ անգլերեն խոսելու ունակությունը:
Եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ հնարավոր է անցկացնեն հարցազրույց հեռախոսով կամ «Այռեքս»-ի հայաստանյան գրասենյակում:
ԾՐԱԳԻՐԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՆԵՐՔՈՆՇՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:
Աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում,
ճանապարհածախս մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար,
բժշկական ապահովագրություն, բնակության վայրը և 40 ԱՄՆ դոլլարի չափով ամենօրյա դրամական միջոցներ սնունդի և այլ ծախսերի համար,
մասնագիտական զարգացման, կրթական նյութերի ձեռք բերման, մասնագիտական կոնֆերանսներին հաճախելու և Միացյալ Նահանգներում գործող մասնագիտական կազմակերպություններին անդամակցելու համար 1000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ,
ծրագրի սկզբում և վերջում Վաշինգտոնում անցկացվող աշխատաժողովին մասնակցելու հնարավորություն:
ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան,
Գավառի պետական համալսարան Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ,
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ,
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
Երևանի պետական համալսարան: