Ակտիվ ժամանց, լիարժեք հանգիստ և բարձր տրամադրություն. Մանկավարժական համալսարանի բոլոր ֆակուլտետների բարձր առաջադիմությամբ, ինչպես նաև բուհի աղջիկների

ֆուտբոլի հավաքականի՝ շուրջ 70 ուսանողներ հենց այսպես են փետրվարի 3-ից իրենց ձմեռային հանգիստն անցկացնում Աղավնաձորի ուսումնական բազայում:
Վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, սպորտային և մարզական միջոցառումներ, ճաշ, կինոդիտում, մրցումներ, ընթրիք, դիսկոտեկ. օրվա պարտադիր գրաֆիկը երբեմն լրացվում է նաև հյուրերի այցելությամբ. ուսանողների հանգստին ծանոթանալու համար նրանց էր այցելել նաև բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում ռեկտորը հետաքրքրվեց ուսանողների հանգստի պայմաններով, ապա նրանց հետ քննարկեց ուսումնական գործընթացում առկա խնդիրները, լսեց ուսանողների նկատառումները՝ տարբեր մասնագիտությունների գծով բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ: Ուսանողները ռեկտորին ուղղեցին պրակտիկայի, ոչ մասնագիտական առարկաների ժամաքանակի, գործնական պարապմուքների ընթացքում անհրաժեշտ գիտատեխնիկական ապահովվածության անհրաժեշտության և ուսումնական գործընթացի բարելավման վերաբերյալ հարցեր, առաջարկներ:
Հանդիպման ընթացքում ռեկտորն անդրադարձավ նաև օտար լեզվի դասավանդմանը՝ ընդգծելով, որ լեզուների իմացությունը կնպաստի միջազգային և փոխանակման բազմաթիվ ծրագրերում առավել հեշտությամբ ընդգրկվելուն:

«Ուսանողների առօրյան հարմարավետ և հագեցած դարձնելու համար հաշվի է առնված յուրաքանչյուր մանրուք»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ, դասախոս Սուրեն Բարսեղյանը, ով այս տարի ևս ղեկավարում և համակարգում է ուսանողների աղավնաձորյան հանգիստը: Վերջինս նկատում է՝ հավաքը ոգևորում է ուսանողներին և նպաստում առավել ակտիվորեն ընդգրկվել ուսումնական գործընթացում:
Ուսանողների անվտանգությունը շուրջօրյա գրաֆիկով ապահովում է բուհի Անվտանգության ծառայությունը, իսկ առաջին բուժօգնությունը ցուցաբերում է համալսարանի բուժկետի բուժքույր Զեմֆիրա Ասլանյանը. բուհն ապահովել է անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով և պարագաներով՝ ուսանողներին ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերելու, այնպես էլ բուժական միջամտություն անելու համար: Բուժքույրը նկատում է՝ օրական 4-7 ուսանող-այցելու է լինում, որոնց մոտ հիմնականում նկատելի են վերին շնչուղիների կատարի, ինչպես նաև օդափոխությամբ պայմանավորված այլ խնդիրներ:
Ուսանողներն առաձնահատուկ գոհունակությամբ են խոսում հատկապես թարմ և բազմազան սնունդի մասին. նույնիսկ ամենախստապահանջ ուանողներն են միակարծիք՝ սնունդը համեղ է, օգտակար և հաճելի:
Ճաշարանի գլխավոր խոհարար Հակոբ Աղաջանյանը շտապում է բացահայտել համեղ լինելու գաղտնիքը. յուրաքանչյուր ճաշատեսակ պատրաստվում է մեծ սիրով՝ առաջնորդվելով օրվա

ժամին համապատասխան առողջ սննդակարգով:
Իրենց կարծիքը հայտնել շտապում էին նաև ուսանողները. Օտար լեզվի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Շուշան Բաղդասարյանն առաջին անգամ է մասնակցում նման հավաքի. «Մտավախություն կար, որ ֆակուլտետների հետ հազվադեպ շփումը կխանգարի ակտիվ հանգստին, սակայն ընկերական և ջերմ մթնոլորտում բոլորս դարձանք միասնական»:
Հանգստի պայմաններից ոգևորված էր նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մագիստրոս Նաիրի Բալաբեկյանը, ով ողջունում է հատկապես բուհի՝ յուրաքանչյուր տարի տարբեր ուսանողների նման հնարավորություն ընձեռելու նախաձեռնությունը:
Հանգստի կազմակերպման գործում մեծ դեր ունի հատկապես Ուսանողական խորհուրդը, որի տարբեր հանձնաժողովները կազմակերպում են ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ, ժամանցային այլ միջոցառումներ:
ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանի կարծիքով նման միջոցառումներն ուսանողների մոտ առաջացնում են դրական լիցքեր, ինչն էլ նպաստում է կրթական մակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ աղավնաձորյան հանգիստը կավարտվի փետրվարի 8-ին. ուսանողները նոր ուսումնական կիսամյակը կսկսեն լիարժեք հանգստացած և դրական հույզերով: