ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Իրազեկվածությունը` հատուկ կարիքներով մարդկանց ինտեգրման միջոց
12.02.2014
Այսօր Մանկավարժական համալասարանում կայացավ Տեմպուսի IV –ի ««Հատուկ կարիքներով անձանց հասանելիությունը հասարակությանը»» (ASPIRE) միջազգային ծրագրի շրջանակներում անցկացվող հերթական հանդիպումը:
Ներկաներին ողջունեց ծրագրի հայաստանյան համակարգող Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը.վերջինս դրական համարեց այն միտումը, որ Հայաստանում ևս գործարկվում են ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավոր է լինում պատրաստել ներառական կրթության ոլորտի մասնագետներ.«Մենք պետք է հնարավորինս ակտիվ լինենք և նոր գաղափարներ առաջարկենք խթանելու և զարգացնելու ներառական կրթության հնարավորություններն ու օգնելու հատուկ կարիք ունեցող անձանց իրենց ուսումը շարունակել բարձրագույն կրթության համակարգում ևս»:
Հանդիպման ընթացքում ծրագրի եվրոպացի գործընկերներ Ֆիոնա Հալետն ու Ջերարդ Քուլենը ներկայացրին իրենց փորձն ու կարևորեցին ծրագրի շարունակականության ապահովումը:
«ASPIRE-ի շրջանակում դասախոսների վերապատրաստումը ծրագրի միայն առաջին փուլն է. մեր հաջորդ խնդիրն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու ներգրավել մեծ թվով մարդկանց, ինչը կնպաստի բարձրագույն կրթության հասանելիությանն ու առանձնահատուկ կարիք ունեցողների` հասարակական կյանքին ինտեգրմանը»,-նշեց Ֆիոնա Հալետն ու հավելեց, որ պատրաստ է խնդրի շուրջ հետազոտություն անցկացնել ներկաներից յուրաքանչյուրի հետ:
Իռլանդացի մարքեթոլոգ Ջերարդ Քուլենը համաձայն է գործընկերոջ հետ. չափազանց կարևոր է վերափոխել մարդկանց մտածողությունն ու ութ մոդուլներից բաղկացած ուսումնական ծրագրի գործարկումից զատ, աշխատել տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ, նպաստել հաղորդակցման հմտությունների և մարքեթինգի զարգացմանը:
Ջերարդ Քուլենը շտապեց տեղեկացնել` արդեն այս տարվա ապրիլին և մյուս տարվա ընթացքում ևս մեկ օր կանցկացվեն իրազեկվածությանը նվիրված միջոցառումներ:
Գովազդ, դասախոսություններ, ֆլեշ-մոբ, լուսանկաների ցուցադրություն, հանդիպումներ առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց ծնողների հետ և այլն. հանդիպման ընթացքում ձևավորված աշխատանքային փոքրիկ խմբերի մասնակիցներն իրենց «տրամադրված» 3000 եվրոյի շրջանակում պայմանականորեն թվարկում են իրազեկվածությանը միտված միջոցառումների շարքը:
«ASPIRE ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստեղծել կրթական բարենպաստ միջավայր հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների բարձրագույն կրթության համար: Ծրագրի շրջանակում անցկացվող վերապատրաստումների շնորհիվ բուհի բոլոր ֆակուլտետներում և համալսարանում ստեղծվել են աջակից խմբեր, որոնք կուղղորդեն առանձնահատուկ կարիք ունեցողների կրթական գործընթացը: Բուհ ընդունվողը պետք է վստահ լինի, որ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կա նաև մեր երկրում» ,- old.aspu.am–ի հետ զրույցում նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, «Հատուկ կարիքներով մարդկանց մուտքը հասարակություն» միջազգային ծրագրի կոորդինատոր Հեղինե Խաչատրանը:
Հիշեցնենք, որ Տեմպուսի IV –ի ASPIRE ծրագրի նպատակն է աջակցել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների կրթական իրավունքի մատչելիությանը և առօրյա հասարակական կյանքին նրանց ինտեգրմանը, պայքարել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների նկատմամբ կիրառվող խտրականության դեմ:

Ծրագրի հայաստանյան գործընկերներն են Մանկավարժական, Գորիսի պետական համալսարանները, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը: