ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգայնացման հիմնախնդիրները Մանկավարժականում
19.02.2014
Օրերս Միջազգային համագործակցության բաժինը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում «Միջազգայնացման հիմնախնդիրները ՀՊՄՀ-ում» խորագրով: Հանդիպմանը մասնակցում էին բուհի բոլոր ֆակուլտետների դեկանների՝ գիտության և միջազգային համագործակցության գծով տեղակալներն ու Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը:
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը դրական համարեց միջազգային համագործակցության բաժնի՝ միջազգայնացման հիմնախնդիրների, դրանց արդյունավետության և միջազգային նոր ծրագրերի մասին բուհի այլ ստորաբաժանումներին տեղեկացնելու նախաձեռնությունը՝ նշելով. «Մենք պետք է հնարավորինս մեկտեղենք ներքին ինտելեկտուալ ռեսուրսները և ռազմավարական կողմերը՝ Մանկավարժական համալսարանի միջազգայնացման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»:
Հանդիպման ընթացքում միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը հանգամանորեն ներկայացրեց միջազգայնացման հիմնախնդիրները, բուհերի վարկանիշավորման չափանիշները՝ նշելով, որ դրանք կնպաստեն ազգային և միջազգային մակարդակներում բուհի տեսանելիության բարձրացմանը: Քրիստինա Ծատուրյանի կարծիքով՝ համալսարանի միջազգայնացմամբ կբարելավվեն կրթական ծառայությունները, բուհի մրցունակությունը, միջմշակութային երկխոսության համար կստեղծվի նպաստավոր միջավայր՝ ապահովելով համալսարանի շրջանավարտների պահանջվածությունն ու մրցունակությունը:
Միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Աննա Հախումյանը ներկաներին տեղեկացրեց DAAD – Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության մասին, որը կրթաթոշակներ տրամադրելով բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն է ընձեռում սովորել Գերմանիայում: Ծրագրի վերաբերյալ բաժանվեցին բուկլետներ՝ խրախուսելով ապագա մանկավարժներին ևս մասնակցել նման ծրագրերի:
Հանդիպման ընթացքում միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Լիլիթ Սահակյանը ներակայացրեց «Էրասմուս Մունդուս» փոխանակման ծրագիրը, որը ակադեմիական շարժունության և տրանս-ազգային համագործակցության միջոցով կարիերայի լայն հեռանկարներ է ապահովում ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և վարչական աշխատակիցների համար: Ներկայացվեց կրթաթոշակների ընդհանուր քանակը,մասնակցության չափանիշները, անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և մեկնարկային հայտերի վերջնաժամկետները: Անդրադարձ եղավ նաև վերջերս մեկնարկած «ՏԵՄՊՈՒՍ ESPAQ» ծրագրին, որը նույնպես ներառելու է ուսանողների շարժունություն ու արտերկրյա վերապատրաստումներ:
Մանկավարժական համալսարանում սփյուռքահայ և օտարազգի ուսանողների թվի, նրանց խնդիրների, կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Գոհար Առաքելյանը՝ նշելով նրանց արդյունավետ ուսումնառությունը կազմակերպելու համար բոլոր հավանական դրույթները:
Կրթության բարեփոխումների և որակի վարչության աշխատակից Անուշ Սարգսյանն էլ անդրադարձավ միջազգայնացման արդյունավետության և որակի ապահովման մեխանիզմներին՝ հատկապես էլեկտրոնային հարցաշարերի ներդրմանը. միջազգայնացման զարգացմանն ուղղված հարցման նոր ձևաչափի շնորհիվ պարզ կդառնան միջազգայնացման և կրթական գործընթացների արդյունավետության վերաբերյալ ուսանողների մոտեցումները:
Սեմինարն ավարտվեց քննարկմամբ. ֆակուլտետների միջազգայնացման գծով պատասխանատուները ներկայացրին հիմնախնդիրների վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտողությունները: