Փետրվարի 21-ից մի շարք կրթօջախներում՝ այդ թվում նաև Մանկավարժական համալսարանի՝ Վահան Թոթովենցի անվան № 57 հիմնական դպրոցում տարբեր միջոցառումներով նշվում է

Մայրենիի տոնը, որ 2006 թվականին սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
5-6-րդ և 9-րդ դասարանների աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Համեստ Բալայանի նախաձեռնությամբ ներկաներին փոխանցեցին մայրենիի մասին իրենց գիտելիքներն ու հայ գրողների պատգամները՝ մաքուր և անաղարտ պահել սեփական լեզուն. չ՞է որ հայերենով են խոսել Սուրբ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Տիգրան Մեծն ու Գարեգին Նժդեհը:
«Աշխարհով մեկ սփռված հայությանը միավորում է հենց մայրենի լեզուն. այն ազգի, պետության և ժողովրդի գոյատևման հզոր զենքն է, ուստի մենք պարտավոր ենք սիրել և պահպանել այն»,-տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին՝ ասաց ուսուցչուհի Համեստ Բալայանը:
Դպրոցի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ այն համարելով հայրենասիրություն սերմանելու ևս մեկ հատիկ. «Հայոց լեզվի և բնաշխարհի մասին բանաստեղծություններն ու Սայաթ-Նովայի երգերը մեզ ստիպեցին թևածել ողջ Հայաստանով և թերթել պատմության էջերը: Նկատելի է՝ աշակերտներն իրենց հավատով ու կամքով ակամայից կատարում են հայ գրողների պատգամները՝ սերնդեսերունդ փոխանցելով մաքրամաքուր հայերենը»,-նշեց դպրոցի տնօրենը և հավելեց՝ մենք էլ այբուբենի տառերի նման ենք՝ կանգուն ենք, երբ միասին ենք»: