ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ապահով համացանց». ներկայացնում են աշակերտները
28.02.2014
Համացանցի դրական և վնասակար կողմեր, դրանից արդյունավետ օգտվելու «ոսկե կանոններ»՝ տեղեկացված լինելու պարտադիր պայմանով. այսօր ՀՊՄՀ Վահան Թոթովենցի անվան №57 հիմնական դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Հովսեփյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ապահով համացանց» խորագրով բաց դաս:
6-9-րդ դասարանների աշակերտները տարաբնույթ օրինակներով ներկայացրին յուրաքանչյուրի կյանքում համացանցի ունեցած դերակատարումը՝ ապացուցելով համացանցի դրական, բայցև՝ վտանգավոր դերը:
«Ինֆորմատիկայի դասաժամերն անցկացվում են համացանցին միացված համակարգիչներով դասարանում, սակայն դասերի ողջ ընթացքում ես վերահսկում եմ նրանց անելիքները՝ շեշտը դնելով ավելի շատ համակարգչային գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու վրա»,-վստահեցրեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Հովսեփյանը:
Բաց դասին ներկա էին նաև Մանկավարժական համալսարանի՝ տարբեր մասնագիտությունների գծով պրակտիկանտները. նրանք որպես ապագա մանկավարժներ՝ ներկայացրին համացացանցից ապահով, սահմանափակ և ճիշտ օգտվելու վերաբերյալ իրենց կարծիքներն ու մասնագիտական աշխատանքում դրանք կիրառելու հեռանկարները: