Մանկավարժական համալսարանի միջազգայնացման գործընթացների շրջանակներում այսօր բուհում հյուրընկալվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանի, Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանի և Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանի հետ հանդիպման ընթացքում Գագիկ Մակարյանը նկատեց՝ պետք է փնտրել և գտնել ուղիներ մանկավարժական կրթությունը պրակտիկ շուկայի պահանջներին մոտեցնելու համար. ներկայումս պահանջվում են մոտիվացված և մրցունակ մասնագետներ:
Հյուրը շրջեց նաև բուհում, ծանոթացավ գործող լաբորատորիաներին՝ քննարկելով դրանց արդիականացման վերաբերյալ ուղիները:
Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանը ներկայացրեց Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի գործունեությունն ու շրջանավարտներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու եղանակները:
Գագիկ Մակարյանը old.aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ անհրաժեշտ է ուղիներ փնտրել նաև պրակտիկայի շրջանակաները մեծացնելու համար և հավելեց. «Բնական ու տեխնիկական գիտությունների և հոգեբանության ոլորտներում գործատուն հիմնական շեշտը դնում է գործնական հմտությունների, ոչ թե մանկավարժական «դիպլոմի» վրա»:
«Աշակերտների ներկայիս սերունդը հանրագիտակ է. դրանից առավել պետք է լինի նաև մանկավարժը»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը՝ բարձր գնահատելով Մանկավարժական համալսարանում կատարվող կրթական բարեփոխումներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունը:
Նշենք, որ բուհի և Հայաստանի գործատուների հանրապետական միության համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում: