Դեկտեմբերին հրապարակվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի 33 էջից բաղկացած հնգամյա ծրագիրը, որի գլխավոր առանցքը արեւմտահայերենի, արեւմտահայության ճակատագրի եւ ընդհանրապես հայ նորահաս սերնդի հայեցի դիմագիծը պահպանելու խնդիրներն են:
Ծրագրում անդրադարձ է կատարվել նաև գլոբալիզացիայի բուռն զարգացման ժամանակներում սփյուռքահայերի ազգային գոյատևմանը, նրանց պատասխանատվությանը, մարտահրավերներին, կռվաններին ու ռեսուրսներին:
Գյուլբենկյան հիմնարկության հնգամյա ծրագրի շուրջ իր տեսակետն է հայտնել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանը: Վերջինս նկատում է` պարտվողականության զգացումը գերիշխում է սփյուռքում, քանի որ լեզուն եւ գրականությունը արագորեն անկում են ապրում: Որպես ժամանակակից ուղղությունների անխուսափելի հետեւանք՝ առավել հեշտ է դարձել ընդունել մշակութային հարուստ ժառանգության անհետացումը եւ ընթանալ հոսանքի հետ:
«Միայն մի քանի անհատ մտավորականներ եւ հաստատություններ լրջորեն զբաղվում են արեւմտահայերենի եւ արեւմտահայ գրականության գնահատման, պահպանման եւ զարգացման գործով: Դրանցից մեկը Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտահետազոտական կենտրոնն է` Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ և «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը»,- նշել է Երվանդ Ազատյանը: