ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանուն անվտանգ հասարակության
04.03.2014
Մարտի 1-ը Քաղպաշտպանության համաշխարհային օրն. այս տարվա կարգախոսն է ՙՔաղաքացիական պաշտպանությունն ու կանխարգելման մշակույթը՝ հանուն անվտանգ հասարակության՚:
Մանկավարժական համալսարանում ուսանողներին իրազեկելու ավանդույթ է ձևավորվել, իսկ բաց դասերն ու արտակարգ իրավիճակների ստեղծման և կանխարգելման գործնական-ցուցադրական տարաբնույթ պարապմունքները դարձել են ուսումնական դասապրոցեսի հիմնական բաղադրիչը:
Հերթական բաց դասը կազմակերպվել էր Գեղարվեստի ֆակուլտետում, որին մասնակցում էին նկարչության և արվեստի տեսության մասնագիտացումների 4-րդ կուրսի ուսանողները.բաց դասին ներկա էին առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հակոբ Գրիգորյանը և համալսարանի քաղպաշտպանության շտաբի պետ Շոթա Բաբայանը:
Դասախոս Պերճ Կարապետյանն ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց այդ կառույցների տեսակները, պաշտպանական սկզբունքները: Խոսելով ապաստարանների և դրանց՝ ալիքային հարվածներից պաշտպանվելու համապատասխան կարգերի մասին՝ դասախոսը փորձեց հնարավորինս իրազեկել ուսանողներին՝ աղետների դեպքում իրենց կյանքը փրկելու տարրական կանոններին:
Դասախոսը նկատեց` չափազանց կարևոր է ուսանողների կանոնավոր հաճախումը դասերին, որպեսզի կուրսերի ավագները ուսանողների թվաքանակի մասին ճիշտ տեղեկություններ հաղորդեն փրկարարներին:
«Պաշտպանության կառույցներում պետք է մեկուսանալ արտաքին աշխարհից՝ պահպանելով կենսապահովման որոշակի պայմանները: Շնչառությունը նորմալ ապահովելու համար պետք է օգտվել թթվածնային ՙբալոններից՚ և սեղմված օդի շնչադիմակներ կրել՚,-նշեց Պերճ Կարապետյանն ու հավելեց` Երևանը գտնվում է ռիսկային գոտում, և աղետներից պաշտպանվելու համար պետք է ունենալ խորը գիտելիքներ և բարձր պատրաստականություն, ինչը մեզանում առայժմ բացակայում է: