Այսօր Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետ էր այցելել Ազգային ժողովի փոխնախագահ, բուհի շրջանավարտ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս
.jpg)
պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար ներկայացրեց «Թուրք-ադրբեջանական դաշինքը որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք» թեմայով դասախոսություն:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացմանն ու ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև Թուրքիայի` Ադրբեջանին ռազմական, ֆինանսական և տնտեսական օգնություն ցուցաբերելուն:
Էդուարդ Շարմազանովը նկատեց` Թուրքիայի պետական քաղաքականությունն ու գաղափարախոսությունը եղել և մնում է պանթուրքիզմը: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ բազմաթիվ հանրապետություններ անկախացան, Թուրքիան գիտակցեց, որ իր համար լավ առիթ է ստեղծվել՝ իրականացնելու երբեմնի նպատակները:
«1990-ականների սկզբին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարեց, որ թուրքերի և ադրբեջանցիների միասնությունը Էգեյան ծովից մինչև Չինաստան` ճանապարհ է բացելու. սա պանթուրքիստական գաղափարախոսության արտահայտման օրինակ էր»,-նշեց Շարմազանովն ու մեջբերեց 20-րդ դարի առաջին կեսին Վեհիբ փաշայի արտահայտած հայտնի միտքը. «Մենք պետք է տարածվենք դեպի Արևելք. այնտեղ մեր արյունն է, մեր կյանքը, մեր լեզուն, և դուք` հայեր, կանգնած եք մեր ճանապարհին»:
ԱԺ փոխնախագահը դասախոսության ընթացքում անդրադարձավ նաև 1918 թվականին ստեղծված Ադրբեջանի Հանրապետությանը` այն դիտարկելով ոչ այլ ինչ, քան պետություն, որն առաջացել է թուրքական ռազմական ինտերվենցիայի արդյունքում, որտեղ կովկասյան թաթարները կազմում էին փոքրամասնություն. « 1918-ի Ադրբեջանի անկախության հռչակագրում նշված էր ոչ թե «Ադրբեջանի ժողովուրդ», այլ «Ադրբեջանի ժողովուրդներ» եզրույթը: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ընդամենը աշխարհագրական անվանում է, ոչ թե էթնոնիմ, որտեղ բնակվում էին կովկասյան թաթարներ, թաթեր, լեզգիներ, հայեր, հրեաներ, ռուսներ, ավարներ, պարսիկներ: 1936 թվականին ստալինյան սահմանադրությամբ կովկասյան թաթարները սկսեցին կոչվել ադրբեջանցիներ»,-նկատեց Աժ փոխնախագահը:
Ըստ Էդուարդ Շարմազանովի, բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի տարիներին թուրքերը մեծ քանակությամբ զենք և զինամթերք են մատակարարել Ադրբեջանին: Այդ մասին ժամանակին գրել է նաև ռուսական և արևմտյան մամուլը. պատահական չէ, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ռազմական խորհրդականը թուրքական բանակի գեներալ Յաշար Դեմիր Բուլակն էր:
«Այսօր էլ Թուրքիան ամեն կերպ փորձում է միջամտել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ հայ-թուրքական սահմանի բացումը շաղկապելով հիմնախնդրի հանգուցալուծման հետ: Թուրքիան ի վերջո պետք է գիտակցի, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նա որևէ անելիք չի կարող ունենալ, քանի որ ի սկզբանե ունեցել է միակողմանի ադրբեջանամետ կողմնորոշում»,- դասախոսության ավարտին ասաց Աժ փոխնախագահը: