ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարտի 8-ի նվեր՝ մանկավարժականի ուսանողներից
07.03.2014
«Կյանքի հարատևության խորհուրդը կնոջ մեջ է թաքնված»,-բացելով հանդիպումը` բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Վանուհի Բաղրամյանը ասմունքով իր ողջույնը հղեց կանանց և աղջիկներին:
Գարնանային տոնի` Մարտի 8-ի առթիվ, հիանալի նվեր էին պատրաստել կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի ամբիոնը և համալսարանի մշակույթի կենտրոնը: Տարբեր կուրսերի 13 ուսանողներ պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանի և դոցենտ Հերբերտ Գասպարյանի գեղարվեստական ղեկավարությամբ մատուցեցին նրբորեն ընտրված հատվածներ Ռեյ Կունի «№ 13», և Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ռիսկ», «Ցիլինդր», «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսներից: Երաժշտական ներկայացումները ուսանողները մատուցեցին դերասանական մեծ վարպետությամբ` հիացնելով լեփ-լեցուն դահլիճին:
Ներկայացումից առաջ ուսանողները դիմեցին դահլիճին. «Սիրելի կանայք, հուսով ենք, որ դուք կճանաչեք ձեզ»: Եվ իսկապես. ներկայացումների բովանդակային հիմքում կինն էր` գեղեցիկ, հմայիչ, հակասական ու առեղծվածային: Ուսանողները Կլարա Ցետկինից անցում կատարեցին մինչև մերօրյա ժամանակակից կինը: Կանանց կերպարները կերտող ուսանողուհիները շատ բնական էին, իսկ ռեժիսորները վարպետորեն էին համադրել դասական և ժամանակակից երաժշտությունը… Ուսանողները մեծ վարպետությամբ ներկայացնում էին նաև պարային շարժումներին տիրապետելու իրենց շնորհքն ու տաղանդը:
Ա. Հովհաննիսյանը/ 3-րդ կուրսի արվեստանոցի ղեկավար/ և Հ. Գասպարյանը/2-րդ կուրսի արվեստանոցի ղեկավար/ նուրբ ընտրություն էին կատարել` միաժամանակ հումորային երաժշտական ներկայացումներում ներառելով հայկական տարրեր: Բեմահարթակում առկա էին հետաքրքիր, համարձակ, անսպասելի ռեժիսորական մտահղացումներ, գունեղ և կերպարային դերասանական լուծումներ, երաժշտական և պարային բեմական պատկերներ, ինչը շատ կարևոր է բեմի վրա դերասանների բնական և կենդանի անսամբլային համագործակցությունն ապահովելու համար:
Ներկայացումը դիտելու էին եկել համալսարանի աշխատակցուհիները և տարբեր ֆակուլտետների մեծ թվով ուսանողուհիներ: Բեմի վրա ուսանողները մեծ տաղանդով ու բարձր ճաշակով ներկայացրին հիանալի դերասանական վարպետություն. կերտելով անկեղծ և զգացմունքային կերպարներ` երկար ժամանակ հիացմունքի պահեր պարգևեցին դահլիում ներկա գտնվողներին: Դժվար էր զսպել հիացմունքն ու խանդավառությունը ռեժիսորական փայլուն աշխատանքի, ինչպես նաև Լիլիթ Աբաջյանի, Հենրմինե Անդրիկյանի, Հովհաննես Ասվադուրովի, Ասյա Ասատրյանի, Սերժ Արզումանյանի, Մարիա Գասպարյանի, Մանուշ Գյոզալյանի, Սվետլանա Գևորգյանի, Մեսրոպ Ծաղիկյանի, Բորիս Կիրակոսյանի, Հրաչ Հարությունյանի, Սասնուհի Մանուկյանի, Էլիզաբեթ Սեդոյանի և Կարինե Վարդանյանի դերասանական պրոֆեսիոնալիզմի հանդեպ: Անթաքույց հիացմունքով, հպարտությամբ, երբեմն էլ հուզմունքով դահլիճից ուսանողների խաղին հետևում էր պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանը: Արկադի Շեկունցի հավաստմամբ` լեցուն դահլիճի առաջ ուսանողները շատ ավելի լավ էին խաղում իրենց դերերը, և փորձերի ընթացքում ունեցած մտահոգությունները անցյալում մնացին:
Վերջում օրվա խորհուրդն ամփոփեց մշակույթի կենտրոնի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Շեկունցը. «Սա գարնանային տոնի մեկնարկին կանանց ու աղջիկներին շնորհավորելու ամենագեղեցիկ տարբերակն էր, որովհետև կանանց ոչնչով չես զարմացնի»:
Կանանց միջազգային օրվան ընդառաջ` համերգին ներկա կանայք բուհիԱրհմկոմիտեի կողմիցստացան ծաղիկներ :