Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները Արարատի մարզում էին. բուհի մշակութային ուղղվածություն ունեցող

ֆակուլտետի տաղանդավոր ուսանողները համերգ-հանդիպման ընթացքում մարզի ուսուցիչներին և աշակերտներին ներկայացրին ուսումնառության ընթացքում ձեռք բերած մասնագիտական հմտությունները:
Ներկայացում, բազմաժանր պարեր, լուսանկարների ցուցադրություն, երաժշտական կատարումներ` փողային և ժողովրդական նվագախմբի ուցեղեկցությամբ. այս ամենը մի երեկոյի ընթացում:
Տեսածով հիացած` մարզպետ Արամայիս Գրիգորյանն old.aspu.am-ի հետ զրույցում նկատեց.«Մեր սերունդը պետք է հասկանա, որ մենք ժողովուրդ ենք մեր մշակույթով և պատմությամբ: Վստահ եմ` մեր աշակերտներից և դիմորդներից շատերը կուզեն իրենց մշակութային ապագան կերտել հենց այս կրթական հաստատությունում»:
Հանդիպման ընթացքում Ֆակուլտետի ամբիոնների վարիչները ներկայացրին կառույցների ստեղծման պատմությունը, գործունեությունն ու ստեղծագործական ձեռքբերումները:

Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանն իր խոսքում նկատեց` ֆակուլտետն իսկապես բազմաճյուղ է, իսկ ուսանողներից կազմված ամբիոնի ժողովրդական գործիքների նվագախումբն էլ մեծ դեր ունի ինչպես համալսարանի,այնպես էլ հանրապետության մշակութային կյանքում:
«Մեր ֆակուլտետեում ոչ միայն լավ նվագում, բեմադրում, խաղում են, այլև գրում»,-նկատեց Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը: Վերջինս տեղեկացրեց, որ բուհում օրերս կգործարկվի ժամանակակից տեխնիկայով հագեցած հեռուստաստուդիա:
Ներկաներին ողջունեցին նաև Կուլտուրայի և Սկզբնական կրթության ֆակուլտետետների դեկաններ Գևորգ Թադևոսյանն ու Հեղինե Խաչատրյանը:
«Այս փոքրիկ համերգով չկարողացանք ցույց տալ մեր բոլոր հնարավորությունները, քանի որ ֆակուլտետը բազմաժանր է, մասնագիտությունների ցանկը` ոչ բեմական»,-նշեց Գևորգ Թադևոսյանը: Հեղինե Խաչատրյանն էլ հավելեց.«Լիահույս եմ, որ այսօրվա հանդիպման մանրամասները կքննարկեք դպրոցներում և կհաղորդեք ձեր զավակներին` մեր բուհի ապագա ուսանողներին»:




