ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Դորիանս» խմբի համերգով բացվեց հիմնանորոգված դահլիճը
07.03.2014
Այսօր ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքի տեխնիկական բացառիկ հնարավորություններով հագեցած դահլիճի բացման արարողությունը:
Կարևորելով ամենավերջին նորույթներով զինված դահլիճի առկայությունը Մանկավարժականում՝ վարչապետը չմոռացավ շնորհավորել նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների Մարտի 8-ը:
Մաղթելով ուրախություն, երջանկություն և գեղեցկություն՝ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ հենց կանայք են հնարավորություն տալիս լիցքավորվել և հաղթահարել երկրում առկա բոլոր դժվարությունները.«Ձեր գեղեցկությունը, սիրո խոտովանությունները մշտապես օգնում են մեզ առաջ շարժվել և առօրյա դժվարություներին առավել փիլիսոփայորեն մոտենալ»:
Ներկաներին ողջունեց և շնորհավորեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:ՙՍկսվում է սիրով և գեղեցկությամբ հագեցած մի ողջ ամիս.տոն է, իսկ տոներին ընդունված է նվերներ մատուցել: Բուհի հիմնանորոգված այս դահլիճը նվեր է բոլորին. նախկին ու ներկա աշխատակիցներին, ուսանողներին, իսկ ամենամեծ նվերը՝ ապագա ուսանողներին:
Այն, ինչ տեսնում եք բարդ ինժեներական աշխատանքի ընդամենը մի մասն է՚,- նշեց ռեկտորն ու հավելեց՝ բարձրորակ լուսավորությամբ, ժամանակակից ակուստիկ սարքավորումներով հագեցած և շարժական բեմով այս դահլիճն առաջիկայում կծառայի ինչպես մեծամասշտաբ գիտաժողովների, այնպես էլ՝ երիտասարդական դիսկոտեկների համար:
Բուհի նորաբաց դահլիճի և կանանց միամսյակի առթիվ ներկաներին ողջունեց «Դորիանս»ռոք խումբը՝ Գոռ Սուջյանի մենակատարմամբ: 600-700 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր հիմնականում ուսանողներով, որոնք գրեթե ողջ համերգի ժամանակ ձայնակցում էին Գոռ Սուջյանին:
Ռոք համերգը հիանալի նվեր էր ուսանողներին ու Մանկավարժական համալսարանի աշխատակցուհիներին, որոնք մեծ բավականություն ստացան սիրված խմբի համերգից: