ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հասանելի է ուրվագծային քարտեզների էլեկտրոնային տարբերակը
12.03.2014
Ուրվագծային քարտեզների օգտագործումը հանրակրթական ուսումնական գործընթացում չափազանց կարևոր է.այն ոչ միայն զարգացնում է պատկերային ընկալումը, այլև նպաստում աշխարհագրական մտածողության զարգացմանը. արդյունքում քննվում է տեսական նյութը՝ նպաստելով թեմայի յուրացմանը:
Հաշվի առնելով ուսուցիչների վերապատրաստման գործընթացում ներկայացված առաջարկներն ու աշխարհագրության դասը դպրոցում ավելի ժամանակից ու նպատակային դարձնելու անհրաժետությունը` Մանկավարժական համալսարանի Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմել է ՀՀ հանրակրթական դպրոցի ՙԱշխարհագրություն՚ առարկայի 9-րդ դասարանի ուսումնական ծրագրին համապատասխան գործնական աշխատանքների ուրվագծային քարտեզների փաթեթ:
«Մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ ուրվագծային քարտեզի հետ աշխատելիս սովորողի մոտ զարգանում է տեղեկատվության ինքնուրույն ընկալումն ու մտապահումը, միաժամանակ դրսևորվում է նրա ստեղծագործական մոտեցումը թեմային: Աստիճանացանցի, քարտեզում ներկայացված օբեկտների եզրագծերի համադրումը, նպաստում են տարածական պատկերացումների ձևավորմանը, օբեկտների փոխադարձ և օրինաչափ կապերի բացահայտմանն ու ընկալմանը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանը:
Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի համակարգչային քարտեզագիր Տիգրան Բաբայանն էլ նկատեց` այդ աշխատանքը ձևավորում է քարտեզագրական օրենքների, պայմանական նշանների կիրառման մշակույթը, որը խիստ անհրաժեշտ է մեր օրերում գերիշխող տեղեկատվական միջավայրում:
Մասնագետները միակարծիք են` քարտեզի տեքստային հատվածի վրա աշխատելիս ինքնաբերաբար ձևավորվում է անվանումների ճիշտ ուղղագրությունը, կոորդինատային ցանցի նկատմամբ նրանց դիրքի ճշգրիտ մտապահումը: Քարտեզների ձևավորումը, երևույթների գունային մեկնաբանումը կխթանեն տրամաբանական կապերի ընկալմանն ու գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
Ի դեպ, քարտեզները կազմված են ուսումնական ծրագրին համապատասխան.դրանց կարող եք ծանոթանալ բուհի պաշտոնական կայքի Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի «Ուրվագծային քարտեզներ» բաժնից:
Հաջորդիվ կտրամադրվեն նաև մյուս դասարաններին համապատասխան ուրվագծային քարտեզների փաթեթները: