ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտական դիպլոմներ՝ մագիստրոսներին
10.03.2014
«Դուք ընտրել եք այնպիսի մասնագիտություն, որ կարևոր է յուրաքանչյուր կնոջ կյանքում և նրա տարբեր սոցիալական կարգավիճակներում»,-այսօր Սկզբնական կրթության ֆակուլտետի առկա և հեռակա համակարգերի 72 մագիստրոս-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
Վերջինս ներկա կանանց շնորհավորեց նաև մեկամսյակի կապակցությամբ՝ մաղթելով, որ ողջ տարվա ընթացքում լինեն ուշադրության, սիրո և ջերմության կիզակետում. ի դեպ, Սկզբանակն կրթության ֆակուլտետի բոլոր շրջանավարտներն էլ իգական սեռի ներկայացուցիչներ էին:
«Հոգեբանական կարողությունների իմացությունն ու մանկավարժ լինելու առաքելությունը կյանքում կապահովի ձեզ սպասվող իրադարձություններում կատարյալ ներդաշնակություն»,-նշեց պրոռեկտորը՝ վստահեցնելով՝ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը մշտապես պատրաստ է օգնելու, աջակցելու իրենց շրջանավարտներին՝ և´ անձնային, և´ մասնագիտական աճը զարգացնելու համար:
Շրջանավարտներին շնորհավորեց նաև Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը և շրջանավարտներին մաղթեց ապագայի այնպիսի ընթացք, որ նրանք երբեք չզղջան մանկավարժի մասնագիտությունը ընտրելու համար. «Հպարտացեք ՀՄՊՀ-ի շրջանավարտը լինելու կապակցությամբ. ձեր մասնագիտական հաջողությունները մեր ձեռքբերումներն են»:
Շրջանավարտներին շնորհավորեցին նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ Սվետլանա Մարությանը, Աշոտ Գալստյանն ու դեկան Հեղինե Խաչատրյանը:
«Երիտասարդներն իրենց շարունակական կրթությունն ընտրելու լիիրավ իրավունք ունեն: Մագիստրատուրայի շրջանավարտները բազային կրթությամբ ամենատարբեր մասնագիտություններով ուսանողներ են, որոնց մեկտեղել է ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով դրա կարևորությունը»,-ասաց Հեղինե Խաչատրյանը՝ հիշեցնելով՝ Աստվածներն ու երեխաներն ապրում են այնտեղ, որտեղ նրանց սիրում են. ստեղծեք սիրո միջավայր ձեր սաների համար:
Տոնական տրամադրություն էր տիրում նաև Պատմության և իրավագիտության ֆակուլտետում. իրավագիտություն (մանկավարժություն) մասնագիտության հեռակա մագիստրատուրայի 32 շրջանավարտներ այսօր ստացան իրենց ավարտական դիպլոմները՝ ֆակուլտետի պատմության մեջ նշանավորվելով որպես հեռակա մագիստրատուրայի համակարգի առաջին շրջանավարտներ:
Նրանց շնորհավորեցին պրոռեկտորներ Սրբուհի Գևորգյանը, Տիգրան Այվազյանը, ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանն ու ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը. ի դեպ, վերջինս նախագահել է իրավագիտություն (մանկավարժություն) մասնագիտության պետական որակավորման քննությունների հանձնաժողովը:
«Ինձ համար մեծ պատիվ է հետևել քննական գործընթացին. դա պայմանավորված է այս համալսարանում սովորող բազմաթիվ բանիմաց ուսանողներով: Ես դասավանդում եմ մի քանի համալսարաններում, սակայն նկատում եմ՝ այս բուհի շրջանավարտները արդյունավետ են կիրառում իրենց ստացած գիտելիքները»,-նշեց Աշոտ Խաչատրյանը՝ հավելելով՝ մանկավարժը պետք ըստ արժանվույն իրականացնի երեխաների կրթության, դաստիարակության և ներդաշնակ զարգացման պատասխանատու գործը. Մանկավարժական համալսարանը հենց այդ գործառույթների իրականացման առաքելությունն ունի: