ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինար՝ ֆրանսիացի մասնագետի մասնակցությամբ
11.03.2014
Օրերս Մանկավարժական համասարանի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնը Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի հետ համատեղ տեսազանգի միջոցով անցկացրին ‹‹Կապվածությունը և բաժանումը երեխաների վաղ հոգեկան զարգացման գործում›› խորագրով սեմինար:
Սեմինարը վարում էր Ֆրանսիայում ‹‹Հոգեբանական հասարակություն›› խորհրդի անդամ, բժշկության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, երեխաների մոտ վաղ հոգեկան զարգացման տարիքում աուտիզմի հայտնաբերման մասնագետ Պատրիկ Կովենը:
Սեմինարի ընթացքում մասնագետն անդրադարձավ նորածնի և մանկիկային տարիքի երեխայի հոգեկան զարգացման գործում մոր հետ առաջնային հուզական կապի նշանակության և դրա բացակայության կամ ոչ բավարար լինելու դեպքում ի հայտ եկող հոգեախտաբանական դրսևորումներին: Պատրիկ Կովենը հանգամանորեն ներկայացրեց հատկապես մանկան հոգեկան զարգացումը, նրա՝ անձի ձևավորման գործում կապվածության նշանակությունը, մանկական տարիքում դեպրեսիայի դրսևորումները, դրա բուժման հոգեբանական ուղիներն ու եղանակները:
Անդրադարձ կատարվեց նաև հիմնահարցի շուրջ դասական հոգեվերլուծական մոտեցումներին և դրանց հետագա զարգացումներին. ներկայացվեցին ինչպես վավերագրական, այնպես էլ Կ. Լորենցի և ամերիկյան հետազոտողների իրականացրած գիտափորձերի մասին պատմող ֆիլմեր:
Սեմինարին ներկա էին ՀՊՄՀ դասախոսներ, մագիստրոսներ և ասպիրանտներ: