.jpg)
«Մանկավարժական համալսարանում շրջելը հաճույք է ու շատ հետաքրքիր…: Թանգարանի մասին կպատմեմ իմ բոլոր մտերիմներին…: »,-միաբերան նշում էին Ստեփան Շահումյանիանվան №1 հիմնական դպրոցի 4-8-րդ դասարանների աշակերտները. նրանք բուհ էին այցելել Գեղարվեստական կրթության ֆակուլտետի խմբավարության ամբիոնի դասախոս, մեթոդիստ Սուսաննա Պետրոսյանի նախաձեռնությամբ:
Այցի ընթացքում աշակերտները շրջեցին համալսարանի թանգարանում, ծանոթացան բուհի պատմությանը, գործունեությանը՝ հիմնադրումից մինչ օրս: Աշակերտները խստապահանջ այցելուների նման հետաքրքրվում էին թանգարանի յուրաքանչյուր ցուցանմուշով՝ հուշանվերներից մինչև կիսանդրիներ, սակայն նրանց առավել քան զարմացնում և ուրախացնում էին անվանի շրջանավարտների մասին պատմող սրահները:
old.aspu.am-ի հետ զրույցում մեթոդիստ Սուսաննա Պետրոսյանը հավաստիացրեց՝ այդ դպրոցում պրակտիկա անցնող 2-3-րդ կուրսերի ուսանողներն աշակերտների շրջանում ստեղծել են բուհի հանդեպ մեծ հետաքրքրություն. «Այցի նպատակն է ստեղծել ամուր կապ համալսարանի և դպրոցի միջև՝ միևնույն ժամանակ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը»:
4-րդ դասարանի աշակերտ Վիգեն Հակոբյանն արդեն որոշել է՝ գեղանկարիչ է դառնալու. թանգարան այցելությունը ստիպել է
.jpg)
մտածել հենց Մանկավարժականում այդ մասնագիտությունն ստանալու մասին: «Խաչատուր Աբովյանի եռաչափ պատկերն ամենատպավորիչն էր ինձ համար. այդ մասին կպատմեմ նաև ընտանիքիս անդամներին և ընկերներիս»,-նշեց Վիգենը և թանգարանի գրառումների մատյանում գրեց այցի մասին իր տպավորությունները:
6-րդ դասարանի աշակերտ Աշոտ Բարեղամյանին բուհն ամենից շատ գրավեց իր անվանի շրջանավարտներով: Տեսածով և լսածով տպավորված՝ Աշոտը վստահեցրեց. «Սովորելու եմ Մանկավարժականում և դառնալու եմ երաժիշտ. ուզում եմ, որ համալսարանը դառնա ավելի ճանաչված»:
Այցի ավարտին աշակերտներին սպասվում էր հաճելի անակնկալ. քանոնի, կիթառի, ջութակի և երգչախբի կատարումներով համերգը ամփոփեց նրանց մեկ օրը Մանկավարժական համալսարանում: